ԿարևորՀասարակություն

Ջավախքում ևս երկու «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա է բացվում

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամն այսօր «ԱրՄաթ» կենտրոն կբացի Նինոծմինդայում, վաղը՝ հուլիսի 13-ին, Օլավերդ գյուղում: Այսպիսով տարածաշրջանում կգործի 7 «ԱրՄաթ»՝ տեղի 10-18 տարեկան հարյուրավոր երեխաների հնարավորություն տալով ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանանալ գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներիային և մաթեմաթիկային։

Մաթեմատիկական ունակություններով առաջատար Վրաստանի հայաբնակ շրջանում ՏՏ ուղղվածության «ԱրՄաթ»-ները մեծ հետաքրքրություն են առաջացնում։ 

2018-ից բացվող կենտրոններում այսօր ներգրավված է տեղի ավելի քան 500 աշակերտ, նրանց բազմաթիվ յուրօրինակ գաղափարներն արդեն իրականություն են իրենց համայնքներում։ Դպրոցահասակ երեխաները պատվերներ են ընդունում՝ վաճառելով մատնահետքով խելացի զարդատուփեր, 3D մոդելավորմամբ հեռախոսների հենակներ, փայտե անվանական խաղալիքներ եւ այլն։  

«Համավարակի պայմաններում էլ «ԱրՄաթը» բուժաշխատողների կողքին էր»,- «Ռադիոլուրին» ասում է շրջանում գործող «ԱրՄաթ»-ների համակարգող Մարգարիտա Ջավարջյանն ասում է․

Ձայն «Համավարակի սկզբնական շրջանում  փորձեցինք պատրաստել 3D մոդելավորման դիմավահաններ։ Միավորելով բոլոր խմբակների 3D մոդելավորման նյութերն ու սարքերը, 120 դիմավահան պատրաստեցինք Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի և Ախալցիխեի հիվանդանոցների համար»։ 

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը պատրաստվում է ինժեներական լաբորատորիաները հասանելի դարձնել ողջ տարածաշրջանի դպրոցահասակների համար՝ նպատակ ունենալով խթանել տեխնոլոգիական կրթության զարգացմանը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնմանը, հավելյալ տնտեսական ակտիվությանն ու ստեղծել աշխատանքի հնարավորություններ՝ տեղում մնալու հեռանկարներ:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի խոսքով․ «Ծրագրի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ շրջանի բնակիչն իր գյուղում, առանց արտագաղթելու կարող է գործ ունենալ, մեծ գումար վաստակել։ Նպատակը նաև արտագաղթը կանգնեցնել է, այն արդեն որոշակի ազդեցություն ունի դրանում»։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում մշակված «Արմաթի» ծրագիրը տարածաշրջանում երկլեզու է՝ հայերեն և վրացերեն։ Մի շարք համայնքներում, օրինակ Ախալցիխեում, հայ և վրացի  աշակերտները միասին են նախագծեր մշակում։   

«ՋԱՀ-ը ապաքաղաքական կառույց է, ոչ Հայաստանում, ոչ Վրաստանում որևէ քաղաքական գործունեության չի մասնակցում։ ՋԱՀ-ի առաքելությունը Ջավախքի հասարակական տարբեր ոլորտների զարգացումն է և հայ վրացական  ծրագրերի համագործակցության ընդլայնումը։ ՋԱՀ-ն արդեն ավելի քան հարյուր ծրագիր է իրականացրել ու շարունակում է»։

Առաջիկայում՝ Տերյանական օրերին, հիմնադրամը կբացի Գանձայում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնած ցուցասրահը, ինչից հետո համալիրի վերականգնման նախագիծը կներկայացնի Հայաստանի և Վրաստանի կառավարություններին՝ հույս ունենալով, որ այն կդառնա հայ-վրացական համատեղ համագործակցության լավագույն արդյունքներից մեկը։

Օգոստոսին էլ Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հետ կիրականացնի հայ և վրացի լուսանկարիչների փառատոն։

Կարդացեք նաև

Back to top button