
ԵՄ-ն ը չի պատրաստվում թողնել մեր տարածաշրջանն այլ խաղացողներին, սա հիմնական շեշտադրումներից էր ԵՄ երեք երկրների՝ Ռումինիայի, Ավստրիայի ու Լիտվայի արտգործնախարարների տարածաշրջանային այցի ընթացքում։
Այսպիսով ԵՄ-ն կարծես ցույց է տալիս, թե այստեղ է և անմասն չէ Հարավային Կովկասի իրադարձություններից, մյուս կողմից թշնամական Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներ ներխուժման պայմաններում քննարկումներ են ընթանում ռուսների հետ՝ հայկական տարածքներում ռուս սահմանապահների տեղակայման հարցում։
Որոնք են ԵՄ հայտարարության հիմնական մեսիջները, և մյուս կողմից որքանով Մոսկվային կհաջողվի այսպես ասած «համոզել» Բաքվին՝ հետ քաշելու իր զինվորներին Հայաստանի տարածքից մինչ ռուս սահմանապահների տեղակայումը։
Բանակցություններ են ընթանում Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի Խոզնավար հատվածներում ռուս սահմանապահներ տեղակայելու շուրջ։ Այս հարցով օրերս պաշտոնական պատվիրակություն մեկնեց Մոսկվա։ Սակայն տեղակայումը հնարավոր չէ, քանի դեռ ագրեսոր Ադրբեջանը հետ չի քաշել իր զորքը հայկական տարածքներից, ուր մի քանի հատվածում ներխուժել է դեռ մայիսից։ Հակառակ դեպքում, ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի, կստացվի, որ լեգիտիմացվում է թշնամու ներխուժումը հայկական տարածք․
«Եթե այլ կերպ է լուծվում հարցը, նախ տեղակայվում են սահմանապահները, հետո սկսվում է քննարկում՝ ադրբեջանցիների հետ քաշման առնչությամբ, ապա դա նշանակում է, որ հարցի լուծումն ընթանում է ոչ միայն Հայաստանի շահերի ու անվտանգության, այլև տարածքային ամբողջության հաշվին»։
Նման պայմաններում, ըստ քաղաքական մեկնաբանի, ՀՀ-ն պետք է հետևողական լինի ու պնդի, որպեսզի նախ ադրբեջանական ուժերը հետ քաշվեն Հայաստանի տարածքից, ասում է զրուցակիցս։ Որքանո՞վ այս հարցում Ռուսաստանից բացի դերակատարում կարող են ունենալ այլ խաղացողներ, օրինակ՝ ի դեմս ԵԱՀԿ ՄԽ երկրները, որոնց ևս նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը՝ սահմաններին սիտորդների տեղակայման իր հայտնի հայտարարության մեջ։ Դրան դրական էին արձագանքել ԱՄՆ ու Ֆրանսիան։ Իսկ ԵՄ երեք երկրների՝ Ռումինիայի, Ավստրիայի ու Լիտվայի արտգործնախարարները նախորդ շաբաթ հստակ հայտարարեցին, որ չեն պատրաստվում թողնել տարածաշրջանը այլ խաղացողների։ Այստեղ Հակոբ Բադալյանը խիստ զգույշ լինելու հորդոր հղեց․այժմ տարածաշրջանում դիրքային պայքար է ընթանում, որտեղ իրար հետ ազդեցության գոտիներ սահմանելու հարցեր են լուծում Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ԵՄ-ը։
«Այժմ հետպատերազմյան Հարավային Կովկասի կառավարման տրամաբանությունը և մեխանիզմի հարցն է այդ տերությունների օրակարգում։ ԵՄ-ն, չզիջելով դիրքերը, պատրաստ է գործնական քայլեր կատարել կայունություն ապահովելու , նաև հասնելու նրան, որ դուրս գան Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերը, թե սա պարզապես մանևրի հնարավորություն է լայն քաղաքական իմաստով, օգտագործել այս իրավիճակը քաղաքական դիրքավորումների համար և այդպիսով հարցեր լուծել երկու առանցքային խաղացողների՝ Ռուսաստանի, Թուրքիայի ու որոշակիորեն նաև գուցե Իրանի հետ»։
«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի խոսքով էլ՝ զորքերը հետ քաշելու հարցն Ադրբեջանի տիրույթում է, կարող են հետ գնալ և կարող են հետ չգնալ ու սադրանքների դիմել, ինչպես լինում է և ինչին ականատես ենք լինում այսօր։ Թշնամու նման վարքագծի պայմաններում ճնշման մեխանիզմներ են պետք է՝ համոզված է փորձագետը։
«Պատերազմից հետո մեր հնարավորությունները խիստ սահմանափակ են ռազմական ճանապարհով ճնշելու, ստիպելու Ադրբեջանին, որպեսզի հետ քաշի իր զորքերը սահմանից, դա կարող է ավելի մեծ բախումների հանգեցնել, ինչին ՀՀ և ՀՀ ԶՈՒ-ը պատրաստ չեն այս պահին։ Ստացվում է, որ մեխանիզմը քաղաքական ճնշումն է արտաքին խաղացողների կողմից, եթե դա, իհարկե, համընկնի իրենց շահերի հետ։ Խաղացողներից ակտիվ ներգրաված է ՌԴ-ն։ ԿԿարողանա՞ արդյոք համոզել Բաքվին, որ նոր լարվածություն չառաջանա, թե՞ ոչ, թե ինչ-որ բանի հաշվին դա կանի, դա էլ այլ հարց է, քանի որ Ադրբեջանն էլ միայնակ չի խաղում, Թուրքիան է իր կողքին»։
Հետևաբար, փորձագետի կարծիքով, խոսքը պարզ ճնշումային քաղաքականության մասին չէ։ Բացի ՌԴ-ից՝ Ադրբեջանի նկատմամբ պետք է նմանատիպ ճնշումներ գործադրվեն նաև ՄԽ մյուս երկրների կողմից։ Սակայն այդ դեպքում էլ պարզ չէ, թե ինչպիսի հանգուցալուծում կլինի, քանի որ բազմաթիվ շահեր են այստեղ բախվում։
Նման պայմաններում քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը հորդորում է ԵՄ երկրների կամ որևէ այլ հրապարակային հայտարարությունները միանշանակ չընդունել , այլ հասկանալ տողատակերում քաղաքական շարժերը։





