
Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից հետո պաշտոնական Բաքուն դարձյալ ակտիվացրել է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտության մասին խոսակցությունները՝ ընդգծելով, որոշ դրույթների իրագործումը ժամանակից հետ է ընկել: Միաժամանակ Բաքուն հայտարարում է, որ պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մշակման ուղղությամբ և առևտրային հարաբերություններ հաստատել Երևանի հետ, ինչը մինչ այդ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների փոխադարձ ճանաչում է ենթադրում։
Չեմ ուզում պատկերացնել, անգամ երևակայել, որ Հայաստանը կարող է ճանաչել Արցախը` որպես Ադրբեջանի մաս՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Արցախի ԱԳՆ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ուղղությամբ և առևտրային հարաբերություններ հաստատել Երևանի հետ։ «Բայց դրա համար Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները, այդ թվում՝ Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Այնպես որ, մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին», — հայտարարել է Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով Արցախի լինելը Դավիթ Բաբայանն անընդունելի է համարում։
«Հարաբերություններ բարելավելը սահմանների ճանաչում չի ենթադրում, դա պարտադիր պայման չէ։ Եթե Ադրբեջանը պնդում է, որ դա է միակ տարբերակը, ապա նոր իրավիաճակ է սկսվելու ոչ միայն Արցախի, այլև՝ հայության համար ընդհանրապես։ Առանց Արցախ ՀՀ–ն կորցնելու է իր սուբյեկտայնությունը՝ դառնալով երկիր առանց արժանապատվության, առանց ապագայի տեսլականի։ Եթե նման բան տեղի ունենա, ապա կունենանք հետևյալ պատկերը․ չկա Հայոց միասնականություն, չկա եռամիասնություն։ ՀՀ–ն առանձին է լինելու՝ անհայտ կարգավիճակով, Սփյուռքը՝ առանձին, իսկ Արցախը կամ կործանվելու է կամ էլ գոյատևման այլ տարբերակ է գտնելու Ադրբեջանի կազմից դուրս։ Խնդիրն այստեղ ոչ թե Ադրբեջանի հետ փոխհարաբերություններն են, այլ հայ ժողովիդի ապագայի հարցը»։
Դավիթ Բաբայանը Արցախի կարգավիճակի հարցը չքննարկելու և օրակարգ չբերելու հարցում ճիշտ չի համարում միայն իշխանություններին մեղադրելը․ սա նաև հասարակական մտածողություն հարց է ՝ ասում է։ «Հասարակությունը պետք է Արցախը արժեք ընդունի»,-շեշտում է Արցախի արտաքին գործերի նախարարը և կրկին կարևորում Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայանության պահպանումը, որն ըստ Բաբայանի՝ երկու կարևոր բաղադրիչ ունի։
«Եթե Արցախը արժեք է, և այդ գաղափարը գերիշխում է ներքաղաքական, արտաքին քաղաքական որոշումներում, սա Արցախին նոր ուժ է տալիս իր սուբյեկտայնությունը, ինքնիշխանությունը պահպանելու համար։ Եթե դա չլինի, այլ գործընթացներ կսկսվեն։ Հայ ժողովուրդն ինքը պետք է այդ որոշումը կայացնի, ու դա միայն իշխանությունների խնդիրը չէ։ Եթե հայ ժողովրդի մեջ կան մարդիկ, որ ասում են՝ «արցախցին թուրք է», նման հասարակությունն ի վիճակի՞ է պետականություն ձևավորել, իսկ եթե նման գաղափարները դառնան դոմինանտ, պատկերացնո՞ւմ եք։ Կործանարար է։ Պետք է քրեականացնել արցախցիներին թուրք անվանելը»։
Դավիթ Բաբայանը վտանգավոր է համարում «Ադրբեջանի համար Արցախի հարցը փակված է» թեզի շրջանառումը։ Քանի դեռ Արցախը կա, հարցը փակված չէ։ Այլ բան, որ Ադրբեջանը փորձում է փոխել մարտավարությունը և Արցախի հարցը փակել նաև հայության համար՝ խորացնելով այն ընկալումը, թե «մեզ պետք չէ Արցախը»։
«Հարկավոր է մերժել և հրաժարվել համացանցում տարածվող խոսույթից, այն թեզերից, թե Արցախից ազատվելով՝ մեր երեխեքը էլ չեն ծառայի այնտեղ, զոհեր չենք տալու, լավ ենք ապրելու։ Նման մտածողությունը կլինի մեր վերջը։ Նրանք փորձում են բարոյազրկել հասարակությունը՝ նման խոսույթ բերելով օրակարգ և հեշտությամբ իրականացնեն իրենց մտադրությունները։ Պետք է ամրագրել, որ Արցախյան հիմնախնդիրը որպես գաղափար հայոց պետականության հիմնասյունն է եղել, և այն պետք է պահպանել։ Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան այլ մտադրություններ ունեն։ Նրանք չեն թաքցնում ու բացահայտ խոսում են, որ Երևանն է իրենցը, Սևանը, Զանգեզուրը, իսկ նման մտածողություն սերմանելով՝ Սյունիքից հրաժարվելն էլ հեշտ կլինի։ Ադրբեջանը հասկանում է, որ չի կարող հիմա պատերազմ սկսել և ոչնչացնել Արցախը, քանի որ կա ռուսական գործոնը, որը խաղաղության և կայունության երաշխավորն է, դրա համար էլ գնում է նման քայլերի»։
Դավիթ Բաբայանը նաև անդրադարձավ Բաքվի հերթական սադրանքներից մեկին։ Ավելի վաղ արված հերքումներից հետո այսօր Արցախի ԱԱԾ–ն հաստատեց, որ Ադրբեջանից ու Թուրքիայից զանգահարում են Արցախի քաղաքացիներին և առաջարկում վաճառել բնակարանները։ ԱԱԾ–ն հորդորում է զերծ մնալ նմանատիպ կասկածելի հեռախոսազանգերին պատասխանելուց։ Բաբայանը կարծում է, որ Ադրբեջանն այսօր տեղեկատվական, հոգեբանական պատերազմ է վարում ։
«Ի՞նչ բնակարան գնել, ադրբեջանցին ինչպե՞ս կարող է բնակարան գնի ու ապրի Ստեփանակերտում։ Դա անհնար է։ Նման քայլով փորձում են վհատեցնել մեզ ասելով, որ ամեն ինչ ծախված է, ապագա չկա։ Դա գրոհ է»,-շեշտում է Դավիթ Բաբայանը։
Ըստ Բաբայանի՝ սա հերթական խաղն է, որը գործի է դրել Ադրբեջանը և որին պետք է հակազդել բոլոր մակարդակներում՝ հոգեբանականից մինչև պետական։





