ԿարևորՀասարակություն

Ջերմուկի դիրքերը՝ ապահով ձեռքերում

Հայաստանի Զինված ուժերը շարունակում են ամրացնել ՀՀ պետական սահմանը և պաշտպանական նոր բնագծեր ձևավորել այն տեղամասերում, որոնք Արցախյան վերջին պատերազմից հետո սահմանային են դարձել: Պաշտպանական նոր բնագծեր ձևավորելու ինտենսիվ աշխատանքներ են տարվում նաեւ Վայոց ձորի սահմանին՝ Ջերմուկի դիրքերում։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչների ուղեկցությամբ բարձրանում ենք Ջերմուկի ուղղությամբ տեղակայված նոր մարտական հենակետեր՝ ծանոթանալու սահմանային իրավիճակին և տարվող աշխատանքներին: Դիրքը, որտեղ այժմ տեղակայված են   մարտական հենակետերը, ծովի մակերևույթից 3000 մետրի վրա է։ Զորամասի հրամանատար գնդապետ Գեղամ Մարտիրոսյան․

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մենք՝ զինվորականներս, կատարել ենք մեզ առաջադրված խնդիրները: Նոյեմբերի 17-29-ը գունդը կառուցել է պաշտպանության նոր տեղամաս, որտեղ հիմա մենք գտնվում ենք: Գնդին վստահված տեղամասում իրականացվում են պետական սահմանի պահպանություն և զբաղեցրած նոր բնագծերի ակտիվ, մեծածավալ ինժեներական սարքավորման, կահավորման աշխատանքներ, ճանապարհների կառուցում, ինչպես նաև առաջնագծի կահավորում և լրահամալրում»։

Մայիսի 12-ից սկսած՝ Սյունիքում եւ Գեղարքունիքում թշնամին խախտել է Հայաստանի  սահմանները։ Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիներն  առաջացել են մինչև 1,5 կմ, խրամատներ փորել ու փորձել կահավորել։  Ջերմուկի այս հատվածում նույնպես առաջխաղացում է եղել։ Որոշ հատվածներում թշնամուց հեռավորությունը մոտ 1 կմ է, որոշ հատվածներում, սակայն, ընդամենը մետրեր՝ 100-200։ Մեր այցելության պահին Հայաստանի պետական սահմանի այս հատվածում իրադրությունը խաղաղ էր:  Զորամասի հրամանատար գնդապետ  Գեղամ Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ գնդին վստահված ընդհանուր տեղամասի առանձին հատվածում սահմանի խախտում որոշակի չափով եղել է:  Գնդապետը շփման գծում հակառակորդի կողմից հետագա սադրանքները չի բացառում հատկապես ՀՀ– ի համար կարևորագույն այս օրերին՝ ընտրական շրջանում։

«Մենք մշտապես պատրաստ ենք դիմակայել հակառակորդի ցանկացած սադրանքի ու ոտնձգության։ Այսպիսի օրերին առավել է բարձրացվում անձնակազմի զգոնությունը,մարտական խնդրին ընդգրկվում են լրացուցիչ ուժեր։ Ցանկացած պահի պատրաստ ենք կատարել մեր առջև դրված խնդիրը»։   

Ջերմուկի դիրքերում՝ մեզ նկարահանման համար թույլատրված հատվածում,  բնակլիմայական պայմաները բավականին խիստ  են։ Գրեթե միշտ ձյուն է։ Դրա պատճառով  մարտական հենակետերի կառուցման, սարքավորման, կահավորման ու ամրապնդման գործընթացը բարդ է։ Բնակլիմայական ցուրտ պայմաններին գումարվում է նաև բարդ ռելիեֆային գոտին։  Դիրքապահ տղաները սրան սովոր են, իրենք մարտական ուղին սկսել են Քարվաճառի դիրքերից, ու այնտեղի բնակլիմայական պայմանները շատ նման են  Ջերմուկին։  Գումարտակի հրամանատար Մուշեղ Խալաթյան․

«Այստեղ երկու ամիս  է ընդամենը տաք եղանակ։ Ձյունը հալվել է 15 օր առաջ։ Մնացած ժամանակ բավական ցուրտ է, բայց մենք չենք նեղվում, քանի որ Քարվաճառում ծառայել ենք ու գիտենք։  Մենք պետական սահմանի եզրով ենք, եթե թշնամին փորձի առաջ գալ՝ կանխելու ենք թշնամու առաջխաղացումը»։

Այս ընթացքում շփման գոտում միջադեպեր չեն եղել՝ վստահեցնում են պայմանագրային սահմանապահները։ Պայմանագրային զինծառայող Տիգրան Փիլոսյան․

«Իհարկե, դժվար է Քարվաճառից հետո այստեղ, բայց կսովորենք, ի վերջո․ ով է մեր սահմանը պահելու»։

Այցի ավարտին՝ հորդոր՝ ուղղված քաղաքական ուժերին, ռազմական փորձագետ ներկայացողներին՝ բանակը զերծ պահել տարաբնույթ շահարկումներից․ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյան․ «Հարկ եղած դեպքում մենք կդիմենք օրենքով սահմանված կարգով կոշտ միջոցների»։

Կարդացեք նաև

Back to top button