
Կառավարությունն այսօր հավանություն է տվել Դատական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ առաջարկող նախագծին, որով առաջարկվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վերացումով ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող՝ Քաղաքացիական և Վարչական պալատներ: Փոփոխության արդյունքում Վճռաբեկը 2-ի փոխարեն 3 պալատ կունենա։ Գործադրում կարծում են՝ սա ավելի արդյունավետ կդարձնի դատական բարձրագույն ատյանի աշխատանքը։ Փոփոխությունը բյուջեից շուրջ 40 մլն դրամ կպահանջի։
Նախագիծը հաստատվել է կառավարության գործող կազմի՝ թերևս վերջին նիստի ընթացքում։ Իսկ այն կքննարկի և կընդունի արդեն հաջորդ՝ արտահերթ ընտրություններից հետո ձևավորվելիք 8-րդ գումարման խորհրդարանը։
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վերացումով ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ․ արդարադատության նախարարության առաջարկն է, որը հաստատվեց կառավարության նիստում։ Փոփոխությունն, ըստ փոխնախարարի, ավելի արդյունավետ կդարձնի վարչական գործերի քննությունը։ Քրիստինե Գրիգորյանը հստակեցնում է՝ նոր կարգավորումները Վճռաբեկ դատարանում վարչական պալատի առանձնացում են ենթադրում։ Վճռաբեկ դատարանն այսօր ունի երկու պալատ՝ քրեական ու քաղաքացիական, վերջինը նաև վարչական գործերի քննությամբ է զբաղվում։ Առաջարկվում է առանձնացնել և երրորդ ՝ վարչական պալատը ձևավորել։
Առաջարկը ոլորտում անձի իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության բարձրացմանն է միտված՝ ասում է փոխնախարարը։

«Նախատեսվում են նաև դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ՝ առանց ժամկետների և համալրման ենթակա քանակի սահմանափակման»։
Նոր համակարգի ներդրումը շուրջ 40 մլն բյուջետային հատկացում կպահանջի։ Գումարը կտրամադրվի հաջորդ տարվանից։ Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին ոլորտում իրականացված բարեփոխումներն ու դրանց արդյունքներն էին հետաքրքրում։ Փոխնախարարի ամփոփմամբ՝ գործողությունները դատաիրավական համակարգի անկախությանն ու բարեվարքությանն են ուղղված եղել
«Ներդրել ենք դատավորների գույքային դրության ստուգում, նաև դատավորների թեկնածուների բարեվարքության արդյունավետ ստուգման մեխանիզմներ ենք կիրառում։ Այն իրականացվում է անկախ մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։ Փորձել ենք սիներգիա ապահովել հակակոռուպցիոն ու դատաիրավական բարեփոխումների միջև»։

Փոխնախարարի խոսքով՝ ավելացել է դատավորների թվաքանակը, դատարաններում էլեկտրոնային գործիքներ են ներդրել։ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում առաջարկվող փոփոխություններից էական ակնկալիքներ չունի։
«Սա ընդամենը խնդիրների ձևական լուծում կարելի է համարել։ Ենթադրաբար ավելի վերահսկելի դատավորներ կնշանակեն նոր Վարչական պալատում, որտեղ հիմնականում քննում են պետական մարմինների մասնակցությամբ իրականացվող գործեր»։
Օրենսդրական փաթեթին հավանություն տվեց այս կառավարությունը, սակայն այն կքննարկի և կընդունի արդեն հաջորդ՝ արտահերթ ընտրություններից հետո ձևավորվելիք 8-րդ գումարման խորհրդարանը։




