
Դատարանների շենքերի շրջափակումից մինչև դատավորների կարգապահական վարույթներ, վեթինգից մինչև Սահմանադրական դատարանի կազմի փոփոխություն, կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմիններ ու մասնագիտացված դատարաններ․ այս բոլոր ուղղություններով գործող իշխանությունը քայլեր ձեռնարկել է, բայց ծրագրերից ոչ մեկն իր տրամաբանական ավարտին չի հասել, մինչդեռ հանրության առաջնային սպասելիքը քաղաքական ուժերից և իշխանությունից հենց արդարադատությունն է:
Անկախ Հայաստանի բոլոր ժամանակներում դատավորների փայտե մուրճի ձայնի ներքո կայացված արդարադատությունից մշտապես դժգոհողներ եղել են:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո բոլոր քաղաքական ուժերը խոստանում են իրական արդարադատություն և իրական դատաիրավական փոփոխություններ: Ճանապարհներն ու ընտրված գործիքները տարբեր են: Գործող իշխանությունը որոշել է արդարադատությունն այլևս իրականացնել մետաղական մուրճով:
Դատավորների փայտե մուրճերն, իհարկե, չեն փոխարինվի, բայց երկաթե մուրճն արդեն այս քարոզարշավի խորհրդանիշ է դարձել ։ ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյան։

«Թավիշի ժամանակները ավարտվում են: Այս գործիքը գիտեք չէ՞, ինչի համար է: Ժանգոտ մեխերը հանելու համար է: Հայաստանում հաստատում ենք օրենքի և իրավունքի դիկտատուրա և այդ պողպատե մանդատով հանում ենք բոլոր ժանգոտած մեխերին»:
Դատաիրավական համակարգի վեթինգի, Սահմանադրական դատարանի կազմի փոփոխության, կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմիններ ստեղծելու և բազմաթիվ այլ մտադրությունների մասին խոսել է այս իշխանությունը, բայց 3 տարվա ընթացքում բարեփոխումներից ոչ մեկը ավարտին չի հասցրել:
Իշխանական ուժի հեղափոխական գաղափարները խոստանում է ավարտին հասցնել գործող իշխանության երբեմնի թիմակից «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանը: Պնդում է՝ հեղափոխական խոստումների իրականացումը կիսատ է մնացել:
«Հայտարարել է, որ ռեֆորմներ է անելու, համակարգ է փոխելու, իրավական լուրջ փոփոխություններ է անելու՝ ԸՕ, դատաիրավական համակարգ, ուժայիններ և այլն, բոլոր ոլորտներում ասել է, որ փոփոխություն է անելու: Մենք տեսանք, որ բոլորը կիսաքայլեր են, լուրջ փոփոխություններ տեղի չի ունեցել և հանրությունը նորից ընտրությանը մասնակցում է Սերժ Սարգսյանի ժամանակ գրված ԸՕ-ով, շատ վատ «խաղի կանոններով»:

Այսպիսի ձայն դատարանում հանրությունը կլսի նաև «Հոկտեմբերի 27»-ի գործով․ իշխանությունը քարոզարշավի ընթացքում հանրությանը նոր խոստում տվեց այս գործի վերաբացման շրջանակում: Հասարակական մեծ հնչեղություն ունեցող մեկ այլ՝ «Մարտի 1»-ի գործով փաստաբաններից Սեդա Սաֆարյանը գործող արդարադատության որակի փոփոխություն է ակնկալում: Արդեն որպես պատգամավորի թեկնածու «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի կազմում փաստաբանն ասում է.
«Ես գիտեմ, որ այս բոլոր համակարգերի ողբերգությունը թաքնված է արդարադատության համակարգում: Համակարգը այնքան փտել և նեխել է, որ չի կարողանում իր առջև դրված խնդիրները իրագործի և դրա լավագույն դրսևորումը մենք տեսանք «Մարտի 1»-ի գործով, երբ բոլորի աչքի առաջ տեղի ունեցած հանցագործությունը և հանցագործության դեպքը ՍԴ միջոցով ավիրվեց, քանդվեց և այդ հոդվածը»։
Մատչելի, որակյալ և իրական արդարադատություն. սա արդեն խոստանում է «Հայաստան» դաշինքը: Քաղաքական այս միավորի նախընտրական ծրագրի ներկայացումը տևեց մոտ 40 րոպե: Արդարադատության նախկին փոխնախարար, Հանրապետական կուսակցության նախկին անդամ Արփինե Հովհաննիսյանն է բացատրում, թե ինչ սկզբունքներով է իշխանության հավակնում Ռոբերտ Քոչարյանի թիմը.
«Մենք մեխանիկորեն չենք մերժելու կոռուպցիայի դեմ պայքարի որևէ մեթոդ: Մենք չենք ասելու, որ միայն այն պատճառով, որ դա ներդրվել է այս իշխանության կողմից, դա մեզ համար մերժելի է: Այս սկզբունքը առհասարակ համարում ենք անընդունելի և չենք կարծում, որ ճիշտ է մերժել ամեն ինչ, միայն այն պատճառով, որ դա արել է քո քաղաքական հակառակորդը: Բայց դրա փոխարեն մենք ասում ենք, որ մենք պետք է այս մեթոդները դարձնենք սահմանադրական և բացառենք քաղաքական նպատակներով կիրառումը: Ընդ որում՝ որևէ նշանակություն չունի, թե որ իշխանության մասին է խոսքը»:
Դատաիրավական ոլորտի բարեփոխման համար ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերի մեծամասնությունը որպես առաջնային քայլ նշում է Սահմանադրության փոփոխությունը: Հիմնավորումները տարբեր են: Մի մասը հիշում է, որ գործող Սահմանադրության փոփոխությունների բոլոր հանրաքվեների արդյունքները վիճարկվել են, ուժերի մի մասն էլ պնդում է, որ Սահմանադրության փոփոխությամբ պետք է փոխվի կառավարման համակարգը:






