ԿարևորՀասարակություն

Հուշարձանները չեն քանդվի․ կառուցապատման ծրագիրը չեղարկվել է առանց փոխհատուցման

Վարչապետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովն ուսումնասիրում է մինչև 2018 թվականը գերակա շահ ճանաչված տարածքներում քաղաքաշինական գործընթացներըի վիճակը՝ կառավարության նիստում հայտարարել է քաղաքաշինության կոմիտեի նախագահը։ Արմեն Ղուլարյանը ներկայացրել է նախագիծ, որով «Դոլմամա»- ռեստորանի  շենքը հանվել է գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից։ Առաջիկայում  Երևանի քաղաքապետարանը կներկայացնի  այս և Պուշկին փողոցի ևս մի քանի  շենքի պահպանման նոր առաջարկ։ Հարցը քննարկվել է Կառավարության այսօրվա նիստում։

Կենտրոն վարչական շրջանում՝  Պուշկին փողոցի որոշ հասցեներ, այդ թվում «Դոլմամա»- ռեստորանի շենքը, հանվեցին բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից։ Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մանրամասնեց՝ խոսքը վերաբերում է Աբովյան-Պուշկին խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ հատվածում գտնվող գերակա շահ ճանաչված շենքերին։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը որոշումն այսպես մեկնաբանեց․

«Երևանի կենտրոնից պետք է վերանար խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված ոչ սեյսմակայուն, հին և խարխուլ շինություններով, և որի փոխարեն նախատեսվում էր բազմաֆունկցիոնալ կառուցապատում»։

Որոշ հատվածներում, կառուցապատման ծրագրերի շրջանակում, նախատեսվում էր ստեղծել ստորգետնյա ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ, նաև հիմնովին նորացնել ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները։ Տարածքը ձեռք բերողը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման գործընթացը պետք է սկսեր 2015թվականից ոչ ուշ․ ինչը ոչ միայն չի արվել, այլ նաև փոխհատուցում չի տրամադրվել,- պարզաբանեց Ղուլարյանը․

«Հանրության շահը չի կարող համարվել գերակա, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվել հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում»։

Կառավարությունում հստակեցնում են՝ 2013 թվականից մինչ այժմ միասնական կառուցապատում չի եղել, ուստի, գերակա շահ ճանաչելու  նպատակն էլ  տեղի չի ունեցել։ Փոխվարչապետի պաշտոնակատարը հստակեցրեց՝ կառավարությունը չի ուզում քանդել կամ ձևափոխել պատմամշակութային շենքերը․

«Ընդհանուր առմամբ՝ մի շարք շենքեր ճանաչվել են նաև մշակութային արժեք ներկայացնող, փաստացի, կարելի է ասել՝ այս գործընթացում մեծ առաջընթաց չի եղել։ Նաև հաշվի առնելով պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցը՝ որոշվել է  տվյալ հասցեները հանել»։

Առաջիկայում  Երևանի քաղաքապետարանը հանդես կգա շենքերի պահպանման նոր առաջարկով։ Կառավարության որոշմամբ՝ նոր սեփականատերերին կառուցապատման ծրագրի չեղարկման դիմաց որևէ փոխհատուցում չի տրվի` գերակա շահի մասին ՀՀ օրենսդրության համաձայն։ Օրենքը թույլատրում է տիրապետել, տնօրինել ու օգտագործել գույքը, բայց միայն որպես հուշարձան–շենք պահպանելու պայմանով։

Կարդացեք նաև

Back to top button