
Արմավիրի մարզի համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացման նպատակով այս տարի կառավարությունն առաջին փուլով հավանության է արժանացրել սուբվենցիոն ծրագրի 13 հայտ: Արդեն մի քանի տարի կառավարության համաֆինանսավորմամբ ծավալուն աշխատանք է իրականացվում տարբեր համայնքներում, իսկ Այգեվան համայնքում բյուջեի սղության պատճառով գյուղի հիմնախնդիրները մնում են չլուծված։

Այգեվան անունը հուշում է. գյուղը չորս կողմից շրջապատված է այգիներով՝ ծիրանի, դեղձի, սալորի, խաղողի: Առաջին հայացքից՝ համայնքը հարուստ է, և սեփական միջոցներով հնարավոր է լուծել խնդիրները, որոնք, ըստ առաջնահերթության, դասակարգել է համայնքի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանը։
«Խմելու ջրագծերը փոխելու հարցն է, որը 1970-ականների կառույց է: Մյուս խնդիրը մշակույթի տունն է՝ թալանված, ծածկը լրիվ քանդված, ներհամայքային ճանապարհները, ոռոգման խորքային հորերի վերականգնումը»:

Համայնքի խմելու ջուրն ապահովվում է արտեզյան 3 հորի միջոցով՝ օրական միացնելով 3-4 ժամ: Հորերի գործարկման էլեկտրաէներգիայի ծախսը հասնում է մինչև 8 մլն դրամ, նախկինում չի գերազանցել 3 մլն դրամը: Համայնքի ղեկավարը խնդիրը պայմանավորում է խմելու ջրագծերի քայքավածությամբ ու ջրի կորստով: Ջուրը բնակչին հասնում է աղտոտված:

Համայնքի բնակչուհի Ասյա Խաչատրյան. «Մենք այդ ջրից չենք խմում, խմելու ջուրն առնում ենք ցիստեռներից, որովհետև մեր գյուղի ջրագծերից ինչ ասես գալիս է՝ ճիճու, կեղտ, անապահով է: Այդ ջուրն օգտագործում ենք կենցաղային նպատակներով՝ լողանում ենք, աման լվում, լվացք անում, իսկ սննդի մեջ չենք օգտագործում»:
Խմելու նոր ջրագծեր կառուցելու նպատակով մի քանի տարի առաջ հովանավորներ են եկել համայնք, չափումներ են արել, գնացել, բայց խնդրին լուծում չի տրվել:Համայնքի ղեկավարը սեփական ուժերով փորձում է տարվա ընթացքում փոխել խնդրահարույց 2 փողոցների ջրագծերը: Խմելու ջրի դիմաց վարձավճար չի գանձվում:

Համայնքապետարանի հարևանությամբ մշակույթի շենքն է, արտաքին տեսքից լրիվ քայքայված, տանիքը վնասված: Հիմա չի գործում: 86-ամյա Ասյա տատիկը հիշում է.
«Պարի խմբակ կար, երգի, խմբակ, ամեն ինչը տեղը՝ տեղին: Աշխատողներ կային, ակումբի վարիչ: Քանդեցին»:

Թամարա Սարգսյանն էլ ավելացնում է. «300 հատ աթոռ ուներ դահլիճը, բեմ, ակումբը լավ կահավորված էր: Թատրոն ունեինք, մեր գյուղացիները թատրոն էին ցույց տալիս: Մի գիշերվա մեջ ավերեցին»:
Թամարայի քույրը՝ Սրբուհին, հիմա թոշակառու է: Երիտասարդության տարիներին կարուձևի խմբակ է հաճախել, դերձակի որակավորում ստացել. «Անվճար էր ուսուցումը, ամեն ինչ կարել սովորել եմ, վերջում դիպլոմ ստացել»:

Մշակույթի տան տանիքի վերանորոգման նպատակով Այգեվան համայնքի ղեկավարը նոր ճանապարհ է փնտրում. «Վիվասելի հետ պայմանագիր ունենք: Ալեհավաք են տեղադրել, որի դիմաց ամսական վճարում են 30000 դրամ: Մենք կարող ենք անհատույց տրամադրել, գոնե իրենք կարողանան մշակույթի տան տանիքը վերանորոգեն, բարեգործություն անեն»:
Ներհամայնքային ճանապարհները հարթեցվում են խիճ-ավազով փոսալցումներով, որոնք երկար չեն պահպանվում, անձրևից հետո նորից նույն քանդված ճանապարհն է: Համայնքի բյուջեն թույլ չի տալիս մասնակցել սուբվենցիոն ծրագրերին: Այն համալրվում է վարձակալության վճարներով ու գույքահարկով, իսկ հողի հարկ չեն վճարում: Համայնքի ղեկավարի խոսքով՝ անցած տարի տեղական բյուջեն 75 տոկոսով է կատարվել: Բնակիչներն էլ ասում են, որ անբարենպաստ եղանակների պատճառով չեն կարողանում վճարել.

«Վճարում ենք, բայց համայնքապետը մտնում է գյուղացու դրության մեջ: Այնպես չէ, որ բոլորը կարողանում են վճարել: Օրինակ՝ եղել է տարի, որ կարկուտ է եկել, գյուղացիները չեն կարողացել վճարել, բայց գյուղապետը չի ստիպել, որ բերենք, վճարենք: Հարմարվել է գյուղացու հետ»:
Այս տարի ոռոգման ջրերը պակասել են: Հիմա գյուղի այգիները Արաքս գետի ջրերով են ոռոգում, ամռանը ջրի պահանջարկը մեծանում է: Այգեվանում խորքային 5 հոր գործարկվում է, 5-ն էլ՝ վերանորոգման կարիք ունի: Տեղական բյուջեի միջոցներով չեն կարող վերականգնել: Համայնքի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանի տեղեկացմամբ Այգեվանում բնակչության թիվը շատ է, հողերը քիչ: Քիչ չեն նաև բացակայողները։




