
Արմավիրի մարզի Այգեվան գյուղում է ապրում Վլադիմիր Քեսաբլյանի բազմազավակ ընտանիքը, որտեղ 9 երեխա է մեծանում, 10-րդն էլ շուտով կծնվի: Առաջնեկն այս տարի ավարտում է դպրոցը, կրտսերն 9 ամսական է: Հայրը հողի մշակմամբ է զբաղվում, մայրը՝ երեխաների խնամքով: Այս ընտանիքում չեն տրտնջում ու չեն բողոքում, դրա փոխարեն նախընտրում են իրենք ստեղծել։
Արմատներով մուսալեռցի Վլադիմիր Քեսաբլյանի բազմանդամ ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Այգևան գյուղում: Այստեղ մեծանում է 9 երեխա, 10-րդը կծնվի սեպտեմբերին: Մայրը՝ 40-ամյա Ռոզա Պապոյանն է, չի դժգոհում ծանրաբեռնվածությունից.
«Ես սովորել եմ իմ առօրյային, կազմակերպված են՝ մեծերը դպրոց, փոքրերը տանը: Մեծ տղաս նոյեմբերին կդառնա 18 տարեկան, դեկտեմբերին բանակ կգնա: Ուզում է ընդունվել ԱԻՆ-ի ակադեմիա, հետո գնա բանակ: Կապ չունի, որ շատ երեխաներ են, ամեն դեպքում աշխատում ենք բոլորին ուսումի տալ»:

Ռոզան սկզբում դեմ էր շատ երեխաներ ունենալուն, առաջնեկից 8 տարի անց է ծնվել 2-րդ երեխան, հետո 3-րդը, 4-րդը և մյուսները: Ամենափոքրը 9-ամսական է:
«Առաջնեկս Հովհաննեսն է՝ 18 տարեկան, հետո Էլենն է՝ 11 տարեկան, Լուսին՝ 10 , Աննան՝ 7, կարենը՝6, Լիլիթը՝ 5, Արմենը՝4, Վահանը՝ 2տարեկան և Եսթերը՝ 9 ամսական»:

Մայրը ոչ մեկին աչքաթող չի անում, հաշվի է առնում յուրաքանչյուրի նախասիրությունը:
Համակարգիչն ու հեռախոսն առայժմ անհասանելի են փոքրերին, ծնողներն են արգելել, փոխարենը դրսում են խաղում:
«Համակարգիչ չունենք, համացանցը հեռուստացույցին է միացրած, ամեն ինչ չեմ թողնում նայեն: Այնպիսի տեսանյութեր ու մուլտֆիլմեր եմ ընտրում, որոնք ուսուցողական կլինեն երեխաների համար, հիմնականում՝ հայկական և ռուսական: Շատ չեմ թողնում նայեն»:

11 հոգանոց ընտանիքին կերակրելը հեշտ չէ, բայց Ռոզան սիրով է անում
«Ճիշտ է՝ շատ են, բայց ամեն մեկն ունի իր նախասիրությունը. մեկը՝ կարմիր ճաշ չի սիրում, մեկը՝ միս չի ուտում: Աշխատում եմ ամեն մեկի համար մի քիչ-մի քիչ պատրաստել: Իսկ քաղցրը բոլորի կյանքի անբաժանելի մասն է»:

Դպրոցականները լավ են սովորում, դասերն ինքնուրույն են պատրաստում: Էլենն ու Անան արդեն գիտեն, թե ինչ մասնագետ են դառնալու։
«Բժշկուհի, ես հեռուստացույցով շատ եմ տեսել, թե մարդիկ ինչպես են բուժում մարդկանց, դրա համար ես էլ եմ ուզում դառնալ բժշկուհի»:
«Ես նույնպես ուզում եմ դառնալ բժշկուհի: Բժիշկ-բժիշկ ենք խաղում տիկնիկների հետ: Օրինակ՝ իբր, ընկնում է, ես ոտքը վիրակապում եմ: Ես ու քույրս այդպես խաղում ենք»:

Այս բազմանդամ ընտանիքում չեն բողոքում և չեն պահանջում․ իրենք են ստեղծում: Ընտանիքի ապրուստի միջոցը ծիրանի ու խաղողի այգիներն են: Հայրը՝ Վլադիմիրը, եղբոր հետ շուրջ 3 հա այգի է մշակում։ Միասին հիմնել են սառնարանային տնտեսություն, որոշել են զբաղվել նաև չրագործությամբ.

«Հողեր ունենք: Մերն ընդհանուր է երկու եղբոր համար: Սառնարան ունենք, որոշել ենք չիր պատրաստել: Անցած տարի կառավարությունը զրո տոկոսով վարկեր տրամադրեց, մենք օգտվեցինք ու սառնարան կառուցեցինք»:
Սառնարանը դեռ չեն գործարկել, ծիրանի հասնելուն են սպասում, մինչև բերքի իրացնելն այնտեղ կպահեն թարմ ու չորացած մրգերը: Տնամերձ այգու մի հատվածում տնկիներ են աճեցնում: Վլադիմիրի եղբայրը՝ Ալեքսանդրն է պատմում։

«Կուտը ցանել ենք, պատվաստել ենք, այս աշունն արդեն ծառեր կդառնան: Տնկիներն անցած աշնանն են դրվել, մի անգամ արդեն կտրտվել են ճյուղերը, նոր ճյուղերն արդեն պատվաստից են դուրս եկել: Դեղձի, սալորի ու ծիրանի տարբեր սորտեր են»։
Եղբայրները որոշել են ավելացնել հողատարածքները, նորն են գնելու և տնկիները տեղափոխելու են այնտեղ: Նորատունկ այգիներ էլ ունեն, ծերացած դեղձի ծառերը հատել ու փոխարինել են կեռասով:




