ԿարևորՔաղաքական

Գործողներ և նախկիններ․ ո՞վ է գործակալը

Նախընտրական պայքարը դեռ չսկսած՝ արդեն ակնհայտ է, որ կատաղի պայքարը ծավալվելու է ՀՀ բոլոր ղեկավարների  միջև՝ 3 նախկին նախագահ և գործող վարչապետ: Արդեն փոխադարձ մեղադրանքների տարափ է: Այս ամենում թերևս պասիվ է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Պատճառը գուցե այն է, որ նա անձամբ ընտրապայքարի մեջ չէ:

Մեղադրանքներ՝ դավաճանությունից մինչև գործակալ լինելու վերաբերյալ. նաև այսպես են Հայաստանի ներկա ու նախկին ղեկավարները ներկայանում ընտրողին, և որքան քարոզարշավի օրը մոտենում է, մեղադրանքներն ավելի լուրջ են դառնում: Բոլորը մեղադրում են բոլորին, բայց գործող իշխանությունը կարծում է, որ որևէ մեկը որևէ բանում իրեն մեղադրելու քաղաքական ու բարոյական իրավունք չունի:

Մինչդեռ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքները հիմնականում ուղղված են հենց գործող իշխանությանը:

«Այս իշխանությունը չի կատարել ոչ մի խոստում: Չկա որևէ մի կետ, որը կարող են վերցնել և թմբկահարել, թե խոստացել ենք և արել ենք: 5 հազար զոհ պատերազմից, արդեն մոտ 5 հազար զոհ համաճարակից, անցած տարի մենք ունեցել ենք ռեկորդային թվով զոհեր ավտովթարներից: Այս իշխանությունը ուղղակի մահ է բերում ամեն քայլափոխի»:

Եթե մինչև հիմա իշխանությունը փորձում էր պատասխանատվության կանչել Քոչարյանին 2008-ի մարտի 1-ի դեպքերի համար, ապա այսօր երկրորդ նախագահն ինքն է խոսում իշխանությանը պատասխանատվության ենթարկելու մասին: Շատ հաճախ հնչում է նաև դավաճանության և գործակալ լինելու թեզը: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ իրենց կառավարման որակի և կադրային քաղաքականության մեջ թերություններ շատ կան, բայց ասում է՝ որևէ մեկը չի կարող մեղադրել, որ նվիրված չենք հայրենիքին: Արձագանքում է Քոչարյանի՝ «վարչապետը Թուրքիայի գործակալ որ լիներ՝ ուրիշ ի՞նչ պետք է աներ» արտահայտությանը:

«Պետք է անվտանգության խորհրդի նիստ հրավիրեր, ասեր՝ եկեք Մեղրին տանք Ադրբեջանին և դրանից հետո պետք է «հոկտեմբերի 27» տեղի ունենար Հայաստանում, եթե 1999 թվականին Հայաստանի ղեկավարը լիներ Թուրքիայի գործակալ: Այդ Անվտանգության խորհրդի նիստից և հոկտեմբերի 27-ից հետո գնացել Ստամբուլում կողմ են քվեարկել Եվրոպայում Անվտանգության Խարտիային: Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք սովորական լեզվի, գրված է՝ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միայն գոյություն ունեցող պետության, այսինքն՝ Ադրբեջանի տարածքում և տարածքային ամբողջականության շրջանակում: Եթե Թուրքիայի գործակալ լիներ 98 թվականին Հայաստանի ղեկավարը ուրիշ ավելի ի՞նչ մեծ ծառայություն պետք է մատուցեր Թուրքիային և Ադրբեջանին, եթե ոչ Ղարաբաղը բանակցային գործ ընթացքից դուրս թողնելը»:

Այս ամենին զուգահեռ՝ Փաշինյանը շարունակում է պնդել՝ Շուշիի հարցը միշտ եղել է բանակցային օրակարգում, այստեղ նա հիմնականում անդրադառնում է Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին:

Մեկ այլ ուշագրավ նպատակ է մատնանշում սովորական ճանապարհաշինության՝ 2013 թվականին նախագծված Հյուսիս-Հարավ ճանապարհի օրինակով:

«Արտաշատ-Եղեգնաձոր հատվածը ՀՀ ոչ կապիտուլյանտ իշխանությունը նախագծել է հետևյալ կերպ. Ոչ թե գնում է մեր իմացած ճանապարհով՝ չի գնում հսնում Երասխի, պտտվում հասնում դեպի Պարույր Սևակ և Տիգրանաշեն, այլ՝ գալիս է, մտնում է Վեդի, շարունակվում է Ուրցաձորով և դուրս է գալիս Զանգակատան տակ: Ճանապարհը տանում բարդացնում, թունելների տակ: Ինչո՞ւ էիք այդպես անում, այ հայրենասեր բարեկամներ: Փողերի լվացում չէ, ոչ, որպեսզի Տիգրանաշենով չանցնի: Որովհետև դա մեծ նախագիծ է, որ պետք է միջազգային դոնորներ ներգրավված լինեն և այդ իշխանությունը ասել է այո, մենք չենք կարող այդտեղով անցնենք, մենք կանցնենք այն տեղով»:

Իր պաշտոնավարումից հետո բոլոր իշխանություններին մեղադրում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ասում է՝ պետք է բոլորը հասկանային, որ ժամանակը աշխատում է մեր դեմ: Համոզված է, որ իր հրաժարականից մի քանի ամիս անց Վազգեն Սարգսյանը հասկացել էր սխալները:

Խաղաղության կուսակցությունը պարտվեց պատերազմի կուսակցությանը. Հրաժարականից հետո պնդում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, մինչդեռ նրան այդ պաշտոնում փոխարինած Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ իր ղեկավարած 10 տարիները ամենախաղաղն էին հակամարտության ողջ պատմության մեջ: Պատասխանը Տեր-Պետրոսյանը հնչեցրել է Հանրային հեռուստաընկերության եթերում.

«Դուք կեսն եք ասում նրա ասածի: Եվ ասում է՝ բոլոր առաջարկները Ադրբեջանն էր մերժում այդ ժամանակ: Բանալին այս արտահայտության մեջ է: Ռոբերտ Քոչարյանը պետք է մտածեր, թե ինչու է Ադրբեջանը մերժում: Շատ պարզ, ուրեմն Ադրբեջանը վստահ էր, որ ժամանակը աշխատում էր իր օգտին: Այդ էլ չհասկացավ այդ մարդը: Սա արդեն քաղաքական մտքի լրիվ բացակայություն է այս հարցում: Եվ ժամանակը չաշխատե՞ց Ադրբեջանի օգտին, այն էլ ինչպես աշխատեց: Տնտեսապես նա հզորացավ, Հայաստանը թուլացավ, ժամանակակից բանակ ստեղծեց, մեր բանակը լավ բանակ էր, բայց փոքրացավ, փոքրացավ: Արտագաղթի պատճառով: Շատ գաղտնիքներ կան, որ չեմ ասել մինչև հիմա: Հիմա մեր բանակի թվաքանակը անգամ այն չէ, ինչ ասենք՝ 94-95 թթին ունեինք: Մեղմ եմ ասում»:

Վերջին ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել առաջին նախագահի հայտարարությունները: Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ առաջին նախագահն այդպես էլ հստակ չի տալիս հակամարտության լուծման բանաձևը, իսկ Տեր-Պետրոսյանը պնդում է՝ այն, ինչ առաջարկում էր ինքը՝ հակամարտության լուծման լավագույն տարբերակն էր երբևէ քննարկվածներից: Այս հեռակա բանավեճին չի միանում երրորդ նախագահը, թերևս այն պատճառով է, որ հրաժարվել է անձամբ մասնակցել առաջիկա ընտրություններին:

Ինչ վերաբերում է այսօրվա իրավիճակին, ապա Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ Ալիևը իր սադրանքներով փորձում է ոչ միայն սահմանային խնդիրներ լուծել, այլև՝ ազդել առաջիկա ընտրությունների արդյունքի վրա:

Կարդացեք նաև

Back to top button