
103 տարի առաջ` մայիսի 28-ին մեր պետականության հիմքը դրվեց: Երբ Ղարաքիլիսայի, Բաշ–Ապարանի և Սարդարապատի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական զորքերին հաջողվեց կանգնեցնել և հետ մղել թուրքական կանոնավոր բանակը, Թիֆլիսում «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը:
Ընդունվեց հռչակագիր, որում ասված էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»:
Թեև իր երկամյա, կարճ գոյությանը, Առաջին հանրապետությունը ծնեց պետական մտածողություն, դարձավ հայապահպանության և ազգի շարունակականության կենսական գործոնը։
Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Իսկ 1996 թ. փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով մայիսի 28-ը Առաջին Հանրապետության օրն է:




