ԿարևորՀասարակություն

Խոզնավար-Վերիշեն ճանապարհը օրակարգում է

Սյունիքի հարցերով ՀՀ կառավարության միջգերատեսչական աշխատանքային հանձնաժողովի  օրակարգում մարզի սահմանամերձ համայնքների խնդիրներն են։ Հանձնաժողովը լսելով բնակիչների առաջարկները՝ փորձում է օպտիմալ լուծումներ գտնել՝ ծրագրերը ներկայացնելով կառավարությանը։ Հանձնաժողովի հերթական նիստը կայացել է սահմանամերձ Խոզնավարում։

Սյունիքի հարցերով ՀՀ կառավարության միջգերատեսչական աշխատանքային հանձնաժողովի  նիստերը, ըստ կանոնակարգի,  հրավիրվում են 10 օրը մեկը։ Նախորդ նիստում որոշվել էր, որ մայիսի 20-ի նիստը պետք է հրավիրվի Խնածախում։ Սակայն հաշվի առնելով սահմանային լարվածությունը՝ նիստը հրավիրվեց Խոզնավարում։ Միաժամանակ, հանձնաժողովի անդամները հանդիպեցին խոզնավարցիների հետ, ծանոթացան նրանց խնդիրներին։

«Տարաբնույթ հարցեր ենք քննարկել, սկսած անվտանգային միջավայրից՝ մինչեւ ենթակառուցվածքների զարգացում։ Ու ինչպես միշտ, հանձնաժողովը հետագայում քննարկելով առաջնահերթությունները՝ փորձում է գտնել լուծման ճանապարհները»,– ասում է Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար, հանձնաժողովի անդամ Էդգար Մարտիրոսյանը։

Էդգար Մարտիրոսյանին զարմացրել է, որ սյունեցիները հանձնաժողովի պաշտոնյաների առաջ չեն բարձրացնում անձնական բնույթի հարցեր։ Բոլորի հետաքրքրության թեման համայնքային սահմանային խնդիրներն էին։

Միջգերատեսչական հանձնաժողովը Խոզնավար է հասել Վերիշեն-Ղազիգյոլ ճանապարհով, որը Սեւ լճից արեւելք է: Ճանապարհը  կառուցվել է խորհրդային իշխանության օրոք՝ 1980–ական թվականներին եւ նորոգման կարիք ունի։  Բնակիչները նաեւ  այս ռազմավարական ճանապարհի վերանորոգման հարցն են կարեւորում։

«Որոշումը մոտավոր սա է, շատ արագ օպտիմալ լուծում գտնել ճանապարհի նորոգման համար, հասկանալ ֆինասնավորման տարբերակը։ Երկար ճանապարհ է, 18 կմ մինչեւ Խոզնավարի խաչմերուկ, հետո էլի 7-8 կմ դեպի Խոզնավար։ Եթե ստանադարտ լուծումի գնանք, այդ ճանապարհի նորոգումը շատ ժամանակ է պահանջելու։

Ոլորտի մասնագետները փորձում են հիմա այլ լուծում գտնել, որպեսզի ճանապարհն արագ նորոգվի։ Խոսքը ոչ միայն կառուցման, այլ նախագծային–նախահաշվարկային փաթեթների մասին է»,–նշում է Մարտիրոսյանը։

Խոզնավարի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց՝  Խոզնավարի մատույցներից հակառակորդը  նահանջել է։

«Էդ 1,5 կմ որ իջել էին, բոլորին հետ են տվել, մարդ չկա։ Տղերքը հետ են տվել առանց կրակոցի՝ ասել են ռադ եղեք ձեր տեղը, էս ձեր երկիրը չի։ Բայց վերեւում մնում են դեռ իրենք, էդ 3,5 կմ որը անցել են»,–ասում է վարչական ղեկավարը։

Ինչ վերաբերում է գյուղից դուրս տարված կանանց ու երեխաներին, ապա նրանք վերադառնում են գյուղ։ Վարո Գրիգորյանը թոռների հետ Խոզնավարում է։ « Ես չեմ կարող կանգնել դեմները՝ ասել մի տար, տանում են, բայց հենա կամաց–կամաց հետ են գալիս։ Դե վախենում են երեւի։ Չես էլ կարող մարդկանց բան ասես»,–ասում է զրուցակիցս։

Խոզնավարի վարչական ղեկավարը շեշտում է՝ մարտական են տրամադրված, իրենց հողն է ու ոչ մի պարագայում չեն հեռանալու գյուղից։

Լուսանկարները՝ Syuniac Yerkir Newspaper-ի ֆեյսբուքի էջի

Կարդացեք նաև

Back to top button