
Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է նախագիծ, որով մինչև 2025 թվականը նախատեսվում է գիտաշխատողների աշխատավարձերի աստիճանական աճ:
«Նախագծի նպատակն է գործող գիտնականներին ապահովել պաշտաճ աշխատավարձով, ստեղծել պայմաններ դեպի գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներհոսքի ապահովման համար, ինչպես նաև ուրվագծել գիտության ոլորտում մասնագիտական աճի ճանապարհը: Առանձնահատուկ պետք է նշել, որ աշխատավարձի ավելացումն արվելու է ատեստավորման հիման վրա և հիմք է ստեղծելու կատարողականի միջազգային չափանիշների համապատասխան պահանջների սահմանման համար»,- նշել է նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:
Կառավարության այս որոշումը գիտության ոլորտում հիմնարար փոփոխություն է, որով էականորեն վերանայվում են գիտաշխատողների բազային աշխատավարձերը, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
«Եթե 2021 թ. բազային աշխատավարձի ֆոնդը, նախնական հաշվարկով, կազմում է շուրջ 4 մլրդ դրամ, ապա 2022-2025 թթ. այն կազմելու է, համապատասխանաբար, մոտ 7.7 մլրդ, 10 մլրդ, 12.4 մլրդ և 14.4 մլրդ դրամ: Ի դեպ, 2010 թ. ի վեր գիտաշխատողների բազային աշխատավարձերի ֆոնդի վերանայում տեղի չէր ունեցել:
Եթե, օրինակ, 2021 թ. գլխավոր գիտաշխատողի բազային միջին աշխատավարձը կազմում է 138 հազար դրամ, ապա փոփոխությունների արդյունքում՝ 2022 թ. հունվարից, գլխավոր գիտաշխատողը կստանա նվազագույնը 367 հազար դրամ: Հետագա տարիներին բազային նվազագույն աշխատավարձը, շարունակաբար աճելով, 2025 թ. հունվարի դրությամբ կհասնի 553 հազար դրամի:
Նշյալ թվերը վերաբերում են բազային աշխատավարձերին, իսկ արդյունավետ աշխատող գիտնականները, բացի բազային աշխատավարձից, մասնակցելով թեմատիկ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին, հավելյալ գումարներ կարող են ստանալ:
Սա հստակ ուղերձ է, որ գիտությունը Հայաստանում ունի ապագա, և կառավարությունը հանձնառու է՝ ապահովելու գիտնականի կենսամակարդակի և աշխատանքի պայմանների բարելավումը»,- գրել է Ավինյանը:




