
Ավտոմեքենաների պետհամարանիշների գողությունը հավակնում է դառնալ Հայաստանում կատարվող հանցագործություններից «ամենամոդայիկը»։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի հանցագործության այս տեսակի ցուցանիշներն աճել են 400 տոկոսով։ Բացահայտումների թիվը, սակայն, շարունակում է ցածր մնալ։ Ինչո՞ւ են ավելացել պետհամարանիշների գողությունները, ինչո՞ւ են դժվար բացահայտվում և դրանք կանխելու ի՞նչ տարբերակներ են տեսնում մասնագետները։
«Մարդը 1.5 միլիոն դրամ է տվել համարանիշներին, ու դրանք գողացել են։ Հիմա մարդը չի ուզում հանցագործների հետ կոնտակտի մեջ մտնել։ Հարց՝ ի՞նչ անի»։
Վերջին շրջանում այս հարցին բախվում են բազմաթիվ վարորդներ, որոնք ինչ–որ պահի նկատում են՝ մեքենայի երկու համարանիշները գողացված են, դիմապակուն էլ գրություն կա․ «Եթե համարը պետք է, զանգիր․․․»։ Փաստաբան, վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը նշում է՝ նման դեպքերի բախվում է գրեթե ամեն օր։
«Մարդիկ հանապազօրյա հաց վաստակելու միջոց են դարձրել, ամենօրյա ռեժիմով էդ հանցագործությունը կատարվում է, ու նույն սխեմա–մեխանիզմն է օգտագործվում»։
Հանցագործության այս տեսակը տարբերվում է մյուսներից․ գողը գրություն է թողնում, հեռախոսահամար նշում ու խնդրում, որ իրեն գտնեն։ Զույգ պետհամարանիշները կորցնելու դեպքում դրանք վերականգնել հնարավոր չէ։ Այսպիսով՝ վարորդը երկու տարբերակ է ունենում․
«Տարբերակ առաջին՝ մտնում ես երկխոսության մեջ ու պահանջները կատարում ես, տարբերակ երկրորդ՝ գնում ես նոր համարանիշներ»։

Սովորաբար համարանիշը վերադարձնելու համար գողը պահանջում է դրա արժեքի կեսի չափ գումար, սակայն տուժողները նշում են, որ երբեմն հնարավոր է լինում սակարկել։ Գումարը փոխանցելուց հետո հանցագործը վարորդին հայտնում է համարանիշների գտնվելու վայրը։
ՀՀ ոստիկանությունը «Ռադիոլուր»–ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է՝ 2021թ առաջին 4 ամիսներին գրանցվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշների գողության 258 դեպք, որից բացահայտվել է միայն 6–ը՝ 2 տոկոսը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերի թիվը 63 է, բացահայտվածներինը՝ 3։
Հանցագործությունների աճի, բացահայտման փոքր քանակի և դրա պատճառների մասին մեր հարցերին Ոստիկանությունը դեռ չի պատասխանել։
Մինչդեռ օրերս Ազգային ժողովում այս հանցագործության կանխարգելման մասին հարցին պատասխանելիս փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտնել էր՝ ոստիկանությունն ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ և փնտրում լուծման տարբերակներ․
«Մի տարբերակը «չիպերով» պետհամարանիշների տրամադրումն է, որով հնարավոր է լինելու պետհամարանիշի գտնվելու վայրը ֆիքսել, դրա հետ համադրել նման դեպքերում պատասխանատվության խստացումը։ Կարող են նաև լուծումներ լինել, որ հնարավոր լինի վերականգնել պետհամարանիշները։ Ոստիկանությունը սեղմ ժամկետում այս հարցի լուծման համար նախաձեռնությամբ հանդես կգա, և մենք էլ հնարավորինս հրատապ կարձագանք»։
Խնդրի լուծման մեկ այլ տարբերակ էլ գլխավոր դատախազությունն է առաջարկում ՝ փոփոխություններ Քրեական օրենսգրքում։ Առաջարկվում է համարանիշների գողության համար քրեական նույնպիսի պատասխանատվություն սահմանել, ինչպիսին նախատեսված է անձնագրի, նույնականացման քարտի և այլ պաշտոնական փաստաթղթերի գողության համար։
Փաստաբան Արտակ Խաչատրյանն իր փորձից ելնելով նշում է՝ տուժողները հիմնականում չեն էլ դիմում իրավապահներին, քանի որ վստահ են՝ խնդիրը լուծում չի ստանալու։ Նախընտրում են գողերի հետ բանակցությունների մեջ մտնել, որպեսզի խուսափեն շատ թանկարժեք համարանիշը նորից գնելու հեռանկարից։ Խաչատրյանն այս խնդրի լուծման այլ ճանապարհ է տեսնում․
«Առաջարկով դիմել ենք Ճանապարհային ոստիկանություն, որ նույն համարանիշից դարձյալ տրամադրելու հնարավորություն ստեղծվի։ Ուղղակի համարանիշի վրա նշում կլինի, որ այն դուբլիկատ համարանիշ է, որ հետագայում նույնականացնելու հնարավորություն լինի։ Ուղղակի համարները կարժենան մաքսիմում 12.000 դրամ։ Կգրանցվի, անընդհատ 12.000 կվճարի նորը կհանի»։
Առաջարկները քննարկվում են, իրավապահ մարմինները լուծման տարբերակներ են փնտրում։ Իսկ մինչ այդ հանրապետության փողոցներում ավելանում են առանց պետհամարանիշի մեքենաները, որոնց դիմապակուն գրություն կա․ «Եթե համարը պետք է, զանգիր․․․»





