
Ադրբեջանը փորձում է վերականգնել, վերակառուցել իր իսկ ռմբակոծությունների հետևանքով վնասված Շուշիի Սբ․ Ղազանչեցոց ամենափրկիչ եկեղեցին։ «Վերանորոգումից» կամ ուղղակի ձևափոխությունից հետո էլ ավելի հեշտ կլինի աշխարհին համոզել, որ եկեղեցին ոչ թե հայկական, այլ ալբանական կամ հուդիական է՝ ասում է «ԻԿՕՄՕՍ Հայաստան»–ի ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանը։
«Հարց է, թե վերակառուցումը ինչ նախագծով է արվում, ինչ են ուզում անել։ Իրենք հիմնավորում են, որ վերանորոգման աշխատանքներ են կատարում, բայց այդ դեպքում ինչո՞ւ են վեղարը հանում, խաչը հանում։ Ի վերջո՝ այդ ինչ նախագիծ է, որը պետք է եկեղեցին նախնական տեսքին բերի»,– ասում է «ԻԿՕՄՕՍ Հայաստան»–ի ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանը։
«ԻԿՕՄՕՍ Հայաստան»–ը միջազգային ԻԿՕՄՕՍ–ին նամակ է ուղղել, որով խնդրում է Ադրբեջանից պահանջել Սբ․ Ղազանչեցոց ամենափրկիչ եկեղեցու վերակառուցման նախագիծը։ Պատասխան դեռ չեն ստացել, բայց ենթադրում են՝ նման դեպքերում պատասխանները սահմանափակվում են մտահոգություններով, հերթը գործնական քայլերին այդպես էլ չի հասնում։
«Կարծես թե հույս կար, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն պիտի անսար այդ դիմումներին և կարողանար մասնագետներ ուղարկել տարածաշրջան, բայց Ադրբեջանի կառավարությունը թույլ չտվեց»,– ասում է Գյուրջյանը։
Հայաստանի ԱԳՆ–ն ավելի վաղ տարածած հայտարարությամբ մտահոգիչ էր համարել հատկապես այն, որ Ադրբեջանը եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխման աշխատանքները սկսել է կատարել մինչև ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների գնահատման առաքելության իրականացումը։ «Ակնհայտ է, որ Ադրբեջանը դիտավորյալ արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր՝ մի կողմից քողարկելու իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, իսկ մյուս կողմից՝ փոխելու հուշարձանի պատմաճարտարապետական ամբողջականությունը», – նշվում էր ԱԳՆ-ի դատապարտող հայտարարության մեջ։
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հիշեցնում է՝ այն տարածքը, որտեղ այժմ Ադրբեջան պետությունն է, պատմական Աղվանք աշխարհն է, որը քրիստոնեականացվել է Ս. Գրիգոր Լուսավորչի շառավիղներից Ս. Գրիգորիսի կողմից:
«Աղվանից եկեղեցին հայկական եկեղեցի է եղել, և բոլորս էլ լավ գիտենք, որ Աղվանից եկեղեցու հիմնադիրը եղել է Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիսը, և բոլոր կաթողիկոսները իրենց ձեռնադրությունը ստացել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և ի հոգևորս՝ միշտ ենթարկվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Այդ կաթողիկոսությունը հետագայում դարձավ Գանձասարի կաթողիկոսություն, իսկ խորհրդային տարիներից հետո՝ Արցախի թեմ»,– պարզաբանում է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Ադրբեջանցիներն ուզում են ստեղծել մի բան, որը պատմության մեջ չի եղել՝ ասում է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և հիշեցնում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բոլոր եկեղեցիները հայկական ճարտարապետական ժառանգություն են, կառուցվել են հայ ժողովրդի, իշխանների կամ բարերարների կողմից։
«Ադրբեջանցիների ցանկությունը մեր եկեղեցիները, մեր պատմամշակութային հուշարձանները ամբողջությամբ վերացնելն է։ Հուսով եմ, որ իրենց մոտ դա չի ստացվի, քանի որ ընթացս ավելի տեսանելի է դառնում իրենց մտադրությունը։ Հիմա նույնը անում են գերեզմանաքարերին հետ․ Շուշիի ճանապարհի մեր պատմական գերեզմաններն են ավիրում, փչացնում, օգտագործում են որպես շինանյութ»,– ասում է Արցախի թեմի առաջնորդը։
Չնայած սրան գարնան սկզբին «Հեյդար Ալիև» հիմնադրամի պատվիրակությունն ու Ադրբեջանի կրոնական համայնքների ներկայացուցիչները Վատիկան կատարած այցի ժամանակ կոչ են արել Վատիկանի մասնագետներին իրենց անմիջական մասնակցությամբ, ինչպես նաև առաջարկություններով նպաստել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում պատմական և մշակութային ժառանգության վերականգնմանը՝ գրել էր ռուսական «Ռեգնում» լրատվականը՝ տարօրինակ համարելով, որ մուսուլմանական Ադրբեջանը համագործակցում է Վատիկանի հետ քրիստոնեական սրբավայրերի վերականգնման համար։

Արդյունքում, ըստ լրատվամիջոցի, հարվածի տակ է ընկնում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի գոյությունը։ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը արձագանքում է․
«Մենք չենք դիտարկում, որ Արցախը երբևիցե պետք է Ադրբեջանի մաս լինի, կամ Արցախի թեմը պիտի վտանգված լինի։ Արցախի թեմը Հայ Առաքելական եկեղեցու մասն է և շարունակությունն է Աղվանից եկեղեցու»։
Արցախի թեմի առաջնորդը վստահ է՝ եթե նույնիսկ միջազգային կառույցներն ու միջազգային հանրությունը լռեն, այս հարցը կլուծվի ավելի հզոր ուժի՝ բարձրյալի միջամտությամբ։
«Հուսով եմ, որ արձագանքը չի ուշանա»,– եզրափակում է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։





