ԿարևորՀասարակություն

Պարտությունը սովորեցնում է հաղթել

Պարտությունը դաստիարակում է ավելի, քան հաղթանակը։ Հաղթանակի ուրախությունը հաճախ թուլացնւմ է սթափ մտածելու կարողությունը, պարտությունը նոր հաղթանակի դռներ է բացում։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ՝ այսպես է ցանկացած բնագավառում, ու կրթականը բացառություն չէ։

Առողջ հասարակության հիմքը որակյալ կրթությունն է, իսկ ոլորտի բարեփոխումները՝ հանրային զարգացման բանալին։ Կրթական որակի բարելավումից մեծ սպասելիքներ ունի կրթության և գիտության  փոխնախարար ժաննա Անդրեասյանը։ Վստահ է՝ քայլերը, որոնք այժմ արվում են համակարգում, շոշափելի արդյունքներ են տալու։

«Կուզենայի, մասնավորապես, նշել հանրակրթության ոլորտի այն բարեփոխումները, որտեղ  այդ աշխատանքներն արդեն սկսված են։ Հանրակրթության պետական չափորոշիչը ամբողջությամբ վերանայվեց և հաստատվեց, ինչը հնարավորություն է տալիս մեզ  մի շարք կարևոր ռեֆորմներ իրականացնել։ Դրանցից կընդգծեմ ավագ դպրոցի կամ դպրոցի ավագ աստիճանի  ռեֆորմը»։

Ավագ դպրոցում ներդրվելու են նոր գործիքներ, կլինի մոդուլային եւ կրեդիտային ուսուցում, որոնց շնորհիվ կհրաժարվեն հոսքային ուսուցումից, կանցնեն անհատական դասացուցակների, կկազմվեն անհատական ուսումնական պլաններ։

«Մոդուլային դասընթացների ներառման հնարավորությունը թույլ է տալիս կարճ տևողությամբ դասընթացներ ունենալ ավագ աստիճանում և ընտրել մասնագիտական կողմնորոշման համար շատ ավելի արդյունավետ դասընթացներ՝ նախագծային ուսուցման ներդրման հնարավորությամբ։ Դա թույլ է տալիս զարգացնել ինքնուրույն  մտածողության հնարավորությունները, հետազոտական և ստեղծագործական կարողությունները»։

Կրթության փոխնախարարը համոզված է՝ այս բարեփոխումները էապես կփոխեն ավագ դպրոցի նշանակությունն ու իմաստը աշակերտների ու ծնողների շրջանում։ Հանրակրթության բարեփոխումները ներառում են փոփոխություններ նաև կառավարման ու ֆինանսավորման համակարգերում։ Արդեն ամբողջությամբ փոխվել է տնօրենների ընտրության կարգը։ Առաջիկայում շրջանառության մեջ կդրվեն հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները, որոնք էապես կփոխեն տնօրենների հավաստագրման գործընթացը։

«Իհարկե, խիստ կարևորում եմ ուսուցիչներին ուղղված մեր քաղաքականության փոփոխությունները, որոնք միտված են ուսուցիչների աշխատանքային պայմանների բարելավմանը, ուսուցչի մասնագիտական զարգացմանն ու ընդհանրապես ուսուցչի մասնագիտական հեղինակության ու դերի բարձրացմանը»։

Ժաննա Անդրեասյանը առանձնացրեց կամավոր ատեստավորման համակարգը։ Դա ուսուցիչներին 30-50 տոկոս հավելավճարի հնարավորություն կտա։

Հանրակրթության բովանդակության փոփոխությունները վերաբերում են նաև դասագրքերին։ Փոխնախարարի խոսքով՝ առարկայական չափորոշչի համապատասխան փորձարկումից հետո  ամբողջությամբ նոր դասագրքեր կկազմվեն։ Իսկ փորձագետ Սերոբ Խաչատրյանը նկատում է՝ ցանկացած բարեփոխում ողջունելի է, եթե դրա շուրջ համախմբվածություն կա․

«Առանց համախմբման չի կարող լինել կրթության զարգացում։  Մարդիկ կարող են տարբեր քաղաքական հայացքներ ու տարբեր մոտեցումներ ունենալ, բայց այդ ամենը կրթության ոլորտի վրա որևէ ազդեցություն չպետք է ունենա»։

Ոլորտում ձեքբերումները շոշափելի կլինեն, եթե կրթական քաղաքականությունը դառնա ավելի մասնակցային․

«Մենք պետք է հրաժարվենք, այսպես կոչված, ձևական, հեռակա քննարկումներ անցկացնելու այդ անընդունելի մշակույթից։ Չպետք է փաստաթղթերը միայն այն մարդկանց հետ քննարկենք, ովքեր մեր համախոհներն են։ Պետք է փորձենք տարբեր դիրքորոշումներ լսել։ Որովհետև ընդհանրապես մեր կրթության ոլորտում ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ լսված չեն»։

Փորձագետն ամենաշատը կարևորում է սրտացավությունը՝ սկսած գործի ու ոլորտի նկատմամբ։ Ասում է՝ որևէ բարեփոխում պետք է սկսել՝ վստահությամբ, որ այն հասցվելու է ավարտին։

Կարդացեք նաև

Back to top button