
Արմեն Դավթյան
«Ռադիոլուր»-Սյունիքի մարզ
Կրե՞լ զենք, թե՞ չկրել հարցը հրատապ է դարձել հատկապես 44-օրյա պատերազմից հետո և հատկապես Սյունիքի մարզում։ Մարզպետի որոշմամբ մարզում հավաքել են ապօրինի զենք-զինամթերքը, բայց բնակիչները կարծում են, որ զենք կրելը Սյունիքում անհրաժեշտություն է։ Այդպես մտածում են նաև խորհրդարանում, թեպետ չեն շտապում ընդունել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին զենք կրելու իրավունք տվող նախագիծը։
Սյունիքի մարզի համայնքներում, արդեն մի քանի օր, իրավապահ մարմինները հավաքագրում են բնակիչների ապօրինի զենք-զինամթերքը։ Որոշումը մարզպետ Մելիքսեթ Պողոսյանինն է։ Ասում է՝ ուզում են կանխել անցանկալի, դժբախտ պատահարները․
«Թե չէ՝ ի՞նչ զենք են հավաքում․ էն մարդկանց զենքերն են հավաքում, որոնց առկայությունը նպատակային չէ, անթույլատրելի է, որ էդ զենքը տանը մնա։ էդ զենքերը բաժանել էին, ու Գորիսում 29 տարեկան մի տղա իրեն խփեց։ Հիմա էդ զենքը չհավաքե՞նք»։
Մարզպետը շեշտում է՝ հավաքվում է պատերազմական գործողությունների ժամանակ տարբեր տեղերից գտնված զենք-զինամթերքը․ ծառայություն իրականացնող կամավորներին հատկացված զենքերը չեն վերցնում։ Մելիքսեթ Պողոսյանի խոսքով՝ բնակիչները անվտանգության խնդիր չունեն, համապատասխան մարմինները նրանց անվտանգությունը ապահովում են։ Զրուցում ենք սահմանամերձ Դիցմայր համայնքի բնակիչների հետ․ մարզպետի հետ համաձայն են ոչ բոլորը։ Նրանցից մեկն ասում է․
«Զենքն էլ ա պետք, խոխա կա, երեխա կա։ Մի օր խմեն, սրսկվեն, մտնեն գյուղ, ի՞նչ ենք անելու։ 3 հոգով էլ որ մտնեն գյուղ, մենք առանց զենք՝ ի՞նչ կանենք»։
Մեկ այլ գյուղացի միայն զենքը բավարար չի համարում։ Ասում է՝ հրամանատար էլ պիտի լինի․
«Զենքը տվալ են՝ համաձայն եմ։ Պիտի նախօրոք պլան կազմված լինի, կամանդիր լինի։ Զենքը անհատապես չպիտի տալ։ Պիտի մի տեղ դրված լինի, ոնց որ բանակում։ Երբ տրևոգա լինի, էդ զենքերը վերցնենք, գնանք։ Թե չէ՝ չլինի, որ էգուց ես ու դու կռիվ անենք, զենքը քաշենք իրար վրա»։
«Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի ղեկավար Վահագն Պողոսյանը չի հասկանում սյունեցիների տարակուսանքը։ Նա Կապանում էր՝ մասնակցելու Լեռնահայաստանի 100-րդ տարեդարձի միջոցառումներին։ Նրա կարծիքով՝ հատկապես սահմանամերձ համայնքներում ապրողները տներում պետք է օրինական զենք ունենան։ Բացատրում է, թե ինչու․

«Էստեղ ում հարցնում են, մի մասը ասում է՝ դե, մենք զենք ունենք։ Համոզված եմ, սակայն, որ մեծամասնությունը գրանցված չէ «Որսորդ» միությունում։ Այսօր Հայաստանում օրենքը թույլ տալիս է, որ բոլորը ակոսափող զենք ունենան, դրա համար պետք է, որ ժամանակին գրանցվեն «Որսորդ» միությունում։ Թող այֆոն-մայֆոններ քիչ առնեն, մի լավ ակոսափող հրացան առնեն, կստացվի, որ «Կալաշնիկով»-ից լավ կրակող միափող զենք ունեն։ Օրենքի փոփոխությունն էլ պետք չի»։
Օրենքը փոփոխելու մասին խորհրդարանում մտածում են տարեսկզբից։ «Զենքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը շրջանառության մեջ են դրել «Իմ քայլից» Արմեն Խաչատրյանը և խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Գլխադասային՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում դրա քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամսով։ Նախագծով առաջարկվում է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում հաշվառված և մշտապես բնակվող քաղաքացիներին տալ ակոսափող որսորդական հրազեն ձեռք բերելու իրավունք՝ առանց 5 տարի ժամկետով ողորկափող որսորդական հրազեն ունենալու պահանջի։
Վահագն Պողոսյանի դիտարկմամբ՝ քաղաքացին պիտի գիտակցի, որ պետությունը հենց ինքն է, ու քայլեր ձեռնարկի։ Անվտանգության երաշխավորը պետությունն է, բայց յուրաքանչյուրը պետք է մտածի այդ անվտանգությունը ապահովելու մասին,-ասում է «Իրական դպրոց»-ի ղեկավարը․
«Չգիտեմ, թե Կապանում քանի գարեջրատուն կամ գիշերային ակումբ կա, բայց ոչ մի հատ քաղաքացիական հրաձգարան չկա։ Այսինքն, քաղաքացին չի պատվիրում, չի ուզում ժամանակ անցկացնել հրաձգարանում, ասում է՝ դե, ես տանը զենք ունեմ։ Դե, երևի մի քանի ապօրինի զենք ունեն, որ կվախենան հետները հանեն, ման տան։ Տանը, եթե ապօրինի զենք ես պահում, պիտի զինաթափեն քեզ»։
Ոստիկանության վետերան Հարություն Բադալյանը Կապանից է։ Ունի օրինական զենք, բայց վաղուց չի ունեցել այն գործածելու առիթ։ Զենքը տալիս՝ Ոստիկանությունն, իհարկե, բացատրում է, թե ինչպես պետք է գործածել այն, բայց տեսական գիտելիքներից բացի՝ պետք է նաև գործնականը։ Հարություն Բադալյանն ասում է․
«Ես ունեմ ակոսավոր հրազեն, բայց ժամանակ առ ժամանակ, որպեսզի գնամ մի տեղ փորձեմ, կիրառեմ, հնարավորություն չունեմ։ Այլ տեղերում, բնակավայրերից հեռու, ասենք՝ անտառներում փորձարկել՝ վտանգավոր է, անվտանգության կանոնները խախտվում են, երկրորդն էլ՝ պատերազմից հետո ցանկալի չէ․ ամեն մի կրակոց ,ամեն մի ձայն հոգեբանորեն շատ վատ կանդրադառնա»։
Ոստիկանության նախկին աշխատակիցը կողմ է, որ ապօրինի զենքը բնակչությունից հավաքվի։ Կողմ է նաև, որ հեշտացվի սահմանամերձ բնակավայրերում զենք ստանալու կարգը։




