
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլի 24-ի հայտարարությունը չպետք է անակնկալ լիներ` հաշվի առնելով նրա հայտնի տեսակետները, ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Նախագահ Բայդենը արտահայտեց իր երկարամյա տեսակետները: Նա այդ մասին շատ պարզ ասել էր`որպես ԱՄՆ սենատոր: Այդ մասին նա հստակ խոսել էր իր քարոզարշավի ընթացքում: Այդ պատճառով չեմ կարծում, որ պետք է որևէ անակնկալ լիներ»,- ասել է քարտուղար Բլինքենը:
«Ճիշտ է նաև այն, որ ԱՄՆ նախագահն առաջին իսկ օրվանից հստակ շեշտել է մեր արտաքին քաղաքականության հիմքում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը դնելու վճռականությունը: Եվ դրա մաս է կազմում այն համոզմունքը, որ պետք է լինի պատմության գիտակցում և անցյալի ոճրագործությունների հստակ ճանաչում՝ դրանց կրկնությունը կանխելու համար»,- արտասահմանյան մամուլի ներկայացուցիչների հետ առցանց հանդիպման ժամանակ ասել է պետքարտուղարը:
«Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, Հիշատակի օրվա ուղերձի նպատակը զոհերին հարգի տուրք մատուցելն է, ոչ թե մեղադրանք առաջադրելը»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ը շարունակում է ակնկալել ընդլայնված երկկողմ հարաբերություններ Թուրքիայի հետ:




