
ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանից մի քանի րոպե պահանջեց այն հուշարձանների և տեսարժան վայրերի թվարկումը, որոնք մնացել են Արցախի օկուպացված տարածքներում՝ Ադրբեջանական վերահսկողության տակ։ Պատերազմից անցել է շուրջ կես տարի, բայց իրավիճակը մշակութային առումով չի փոխվել։ Պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստանում ՅՈՒՆԵԿՕ-ի ազգային հանձնաժողովը աշխատել է մշակութային արժեքների պահպանության ուղղությամբ, քայլեր են ձեռնարկվել նաև պատերազմից հետո, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հանդես է եկել Արցախ տեխնիկական աջակցության առաքելություն ուղարկելու առաջարկով ՝ տեղում մշակութային արժեքների գույքագրում և վիճակի գնահատում իրականացնելու համար, ասում է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանը, Ադրբեջանը նախ մերժել է առաջարկը, հետո սկսել է չարձագանքել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոչերին՝ նշելով, թե հայկական մշակութային արժեքները վտանգի տակ չեն և չեն կարող լինել։ Սա, բնականաբար, ակնհայտ սուտ է՝ ասում է Արման Խաչատրյանը՝ նշելով հիմնահատակ ավերված Մեխակավանի ՍԲ Զորավոր եկեղեցու, թիրախավորված Կանաչ ժամի և վնասված Սուրբ Ղազանչեցոցի օրինակները․
«Հայկական կողմը հենց սկզբից համագործակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, այժմ էլ ակտիվ համագործակցում է, որպեսզի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակում առաքելություն իրականացվի Արցախ, բայց Ադրբեջանը հիմա էլ շարունակում է խեղաթյուրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության նպատակը և չի ընդունում մեր առաջարկը» ,-ասում է Արման Խաչատրյանը։
«Արցախի վտանգված ժառանգությունը․ մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովի քննարկման առանցքում այն հարցն էր, թե ինչպես է հնարավոր միջազգային հանրության ուշադրությունը սևեռել այս իրավիճակին և այդ ազդեցությունն ավելի գործուն դարձնել։ «ԻԿՕՄՕՍ Հայաստան» հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտե ՀԿ նախագահ Գագիկ Գյուրջյանի կարծիքով՝ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ աշխատանքը բավարար չէ․ գործ ունենք Նախիջևանում արդեն մշակութային եղեռն իրականացրած պետության հետ։ Ըստ Գագիկ Գյուրջյանի՝ կան կոնվենցիաներ, որոնք ժամանակին ընդունել են Հայաստանն ու Ադրբեջանը, դրանք պետք է դառնան Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու հիմնական գործիքը։ Այստեղ մենք խնդիր ունենք՝ ասում է Գագիկ Գյուրջյանը և հավելում՝ այդ կոնվենցիաներից շատերին ծանոթ չենք, դրանք անգամ հայերեն թարգմանված չեն, և սա խանգարում է մեզ գրագետ պայքարել Ադրբեջանի դեմ․
«Մի կարևոր բան էլ կա, մենք լավ չենք օգտագործում այլ երկրներում մեր հայագետների հնարավորությունները, մանավանդ այլազգի հայագետների։ Նրանք կարող են շատ օգնել բարձրաձայնելու այս խնդիրը իրենց երկրներում»,-ասում է Գագիկ Գյուրջյանը։
Միջազգային, հանրային հնչեղություն տալ մշակութային արժեքների պահպանության խնդրին՝ սա է համաժողովի հիմնական նպատակը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը ռազմավարություն է մշակել, որի առանցքում միջազգային կառույցների հետ հետևողական աշխատանքն է։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն ընդգծում է՝ բոլոր զսպող գործիքները հարաբերական են Ադրբեջանի դեպքում․
«Դժվար է խոսել մի պետության հետ, որտեղ պատերազմից հետո հաղթանակի պուրակ են բացում, փակուղիներն անխուսափելի են, երկխոսությունը բարդ է, միակ բանն ըստ իս, որ կարող է ազդել Ադրբեջանի վրա քաղաքակիրթ հանրության պահանջը կարող է լինել»,-ասում է Արայիկ Խզմալյանը։
ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ Արցախի կառավարությունը, ռուս խաղաղապահ ուժերի հետ համագործակցելով, փորձում է քայլեր անել, բայց առարկայական որևէ արդյունք դեռևս չկա։ Համաժողովի մասնակիցները հույս ունեն, որ առաջիկայում միջազգային այլ կառույցներ ևս կներգրավվեն Արցախում մշակութային արժեքների պահպանության գործին, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հնարավորություն կունենա առաքելություն իրականացնել Արցախ։




