Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:
Օրենքի մասին քննարկումները սկսվել էին դեռևս 10 տարի առաջ: Ի՞նչ ունենք այսօր: Ինչպիսի՞ խնդիրների է անդրադառնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը, կրթության և գիտության ոլորտում ինչպիսի՞ փոփոխություններ կարելի է ակնկալել: Ի՞նչ կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ են իրականացվելու , որո՞նք են օրինագծի հիմնական նպատակները և ի՞նչ խնդիր է լուծում նոր օրինագիծը:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Ռուբեն Աղգաշյան․
Հաճախ հարց են տալիս՝ լա՞վ օրենք է, թե՞ վատ: Իդեալական օրենքներ չկան ամբողջ աշխարհում: Գնահատելու համար օրենքը նաև պետք է օրենքի նպատակը իմանալ: Ցավոք, այսօր հստակ չէ՝ մեր կրթության և գիտության զարգացման տեսլականը ո՞րն է: Չկա ձևակերպված հեռահար նպատակը և ռազմավարությունը: Գիտելիքահեն տնտեսություն և հասարակություն ստեղծելու համար՝ կրթությունը և գիտությունը պետք է լրացնեն միմյանց:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի իրավական հարցերով ռեկտորի խորհրդական Իզաբել Աբգարյան․
ԲՈՒՀ- երի ինքնակառավարման իրավունքը սահմանադրական իրավունք է և անկյունաքարային նշանակություն ունի բուհական կրթության ապագայի համար: Բուհական ինքնակառավարման իրավունքը բաղկացած է 4 բաղադրիչից: ԵՊԲՀ-ը խնդիրներ է տեսնում սահմանադրության հետ: Իրական բուհական ինքնավար համակարգ ստեղծելու համար օրենքը պետք է չգնար սահմանափակումների:
ՀՀԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյան․
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» փոփոխված օրենքը կիրառման պարագայում կունենա լուրջ դժվարություններ: Յուրաքանչյուր օրենք, որ ընդունվում է, անհրաժեշտաբար պետք է ապահովի մասնակցայնությունը այն մարդկանց, որոնք հետո այդ օրենքը կիրառելու են: Օրենքի նախագծում, հատկապես այն առաջարկությունները, որոնք ներկայացրել էր ՀՀ ԳԱԱ-ն, գրեթե ոչ մեկը չընդունվեց և ստացվեց այնպես, որ այն մարդիկ, որոնք կիրառելու են այդ օրենքը՝ մնացին ձեռնունայն: