ԿարևորՀասարակություն

Ակադեմիան՝ անկախ, գիտական ինստիտուտները՝ օդից կախ. գիտնականները նոր օրենքից տարակուսած են

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը Գիտությունների ազգային ակադեմիային անդրադառնում է ընդամենը մեկ հոդվածով, սակայն ամենաարմատական փոփոխությունը հենց այս կառույցին է վերաբերում: Նոր կարգավորումները, Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքով, գիտական այս կարևոր օջախը տանում են լուծարման: Օրենքում վտանգներ են տեսնում նաև Ակադեմիայի ցանցում գործող հաստատությունների ներկայացուցիչները:

Ակադեմիայի 30 գիտական ինստիտուտները դառնալու են անկախ, իսկ Ակադեմիան՝ ինքնակառավարվող, ոչ առևտրային կազմակերպություն, որը շնորհելու է գիտական տիտղոսներ, տրամադրելու է խորհրդատվություն պետական քաղաքականություն մշակող մարմիններին։ Այսինքն, նոր օրենքով 1943 թվականին հիմնադրված Ակադեմիան լուծարվում է. Ռադիկ Մարտիրոսյանն ասում է՝ անհասկանալի է, թե ինչու է այս փոփոխությունը անհրաժեշտ դարձել.

«Անհրաժեշտությունը չենք հասկանում։ Ոչ մի տեղ կարգին հիմնավորում էլ չկա։ Իբրև թե ԳԱԱ համակարգի ինստիտուտները լիարժեք անկախ ու ազատ չեն»։

Ռադիկ Մարտիրոսյանը «Ռադիոլուր»-ին հայտնել է, որ իրենք հենց սկզբից դեմ են արտահայտվել այս փոփոխություններին։  Երբ  նախագիծը նոր էր դրվել շրջանառության մեջ, գիտական ինստիտուտների աշխատակիցների շրջանում քվեարկություն են անցկացրել։ Նրանց ճնշող մեծամասնությունը կողմ է եղել Ակադեմիայի ցանցում գործելուն: Փակ, գաղտնի քվեարկությամբ աշխատողների 87 տոկոսը մերժել են այդ գաղափարը։

Ինչու կառավարությունը լսեց, բայց հաշվի չառավ իրենց տեսակետը՝ Ռադիկ Մարտիրոսյանը դժվարանում է ասել: Փաստորեն, առանց Ակադեմիայի հետ լուրջ քննարկման՝ գործադիրը որոշել է կտրուկ քայլերով փոխել Ակադեմիայի ճակատագիրը: «Եթե շատ կոպիտ ասենք՝ Ակադեմիայի դեմ է ուղղված այդ ամբողջը։ Այդ օրենքով ակադեմիայի կառուցվածքը խարխլվում է»,- ասում է ԳԱԱ նախագահը:  

Գիտությունների ազգային ակադեմիայի ցանցում գործող գիտական հաստատություններում ևս տարակուսած են, ավելին, նոր օրենքում հստակ վտանգներ են տեսնում: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը «Ռադիոլուր»-ին ասել է, որ փոփոխությամբ գիտական ինստիտուտները ոչ թե անկախանում են, այլ  մնում են օդից կախված. «Տասնամյակներով աշխատող, ձևավորված մեխանիզմը քանդելը արդեն իսկ ռիսկեր է պարունակում։ Մենք պատրաստ չենք ինստիտուտները ակադեմիայից առանձնացնել, ու բուհերին էլ չմիացնել։ Այսինքն, ամբողջությամբ թողնել օդի մեջ։ Թե ինչպես են այդ ինստիտուտները ինքնագոյատևելու, չգիտեմ, որովհետև գիտությունը խիստ առանձնացնելը սխալ է»,-նկատում է Արեգ Միքայելյանը:

Առանձին, մեկուսի աշխատելը ոչ միայն սխալ կլինի, այլև շատ դժվար։ Արեգ Միքայելյանը կարծում է, որ ինստիտուտները կարող են շատ արդյուանվետ գործել նաև մեկ միասնական ակադեմիական համակարգում: Ասում է. «Հենց բուն գիտության զարգացման համակարգը Ակադեմիան էր ապահովում։ Եթե մենք զրկենք Հայաստանին հիմնարար այս կառույցից, կնշանակի միայն պատվերներ կատարել, մի քանի անգամ գցել մեր նշանակությունը՝ որպես պետություն։ Ես, այնուամենայնիվ, հավատում եմ, որ այս օրենքը չի գործելու, թեև ԱԺ-ն ընդունել է: Մինչև դրա իրականացման մեխանիզմները չլինեն, այն չի կարող պարզապե ներդրվել։ Ուստի, կարծում եմ, որ պետք է դեռևս խոսել ակադեմիական համակարգի մասին, որում միավորված են ինստիտուտները և համատեղ շատ կարևոր աշխատանքներ են անում նաև համագործակցությամբ»։

Նոր փոփոխության մեջ հուսադրող մի բան, այնուամենայնիվ, կա: Դա Ակադեմիայի և գիտական հաստատությունների համագործակցության ու տարիներ ձգվող կարևոր կապը պահելու հնարավորությունն է:  Ակադեմիան կարող է ստեղծել գիտական կազմակերպությունների համագործակցային ցանցեր` գիտատեխնիկական կամ նորարարական խնդիրների համատեղ լուծմանն աջակցելու նպատակով:

Կարդացեք նաև

Back to top button