Քաղաքական

Արա Այվազյանը Լիբանանի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր

Մարտի 22-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի պաշտոնակատար Շարբել Ուեյբեի հետ։

Երկուստեք գոհունակություն է հայտնվել փոխվստահության և սերտ բարեկամության վրա հիմնված հայ-լիբանանյան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ և ընդգծվել երկու երկրների պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և հարստացման համար:

ԱԳ նախարարներն ընդգծել են լիբանանահայ համայնքի կարևոր դերակատարությունը Լիբանանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում և զգալի ներդրումը երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում:

Կարևորվել է Հայաստանի և Լիբանանի փոխադարձ աջակցությունն ու համագործակցության սերտացումը նաև միջազգային կառույցների շրջանակներում:

Արտգործնախարարներ Այվազյանը և Ուեյբեն հանգամանալից անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Նախարար Այվազյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքներին` առանձնահատուկ մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից վարձկանների և զինյալ ահաբեկիչների ռազմական գործողությունների գոտի տեղափոխման առնչությամբ:

Կարդացեք նաև

Back to top button