ԿարևորՀասարակություն

Կկայանա՞ նախագահի նախաձեռնած հանդիպումը

Երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելու նպատակով  կլոր սեղանի շուրջ նստելու Արմեն Սարգսյանի հրավերը  խորհրդարանական ուժերից ընդունել են  «Լուսավոր Հայաստան»  ու «Իմ քայլը» խմբակցությունները, ԲՀԿ-ն չի արձագանքել, իսկ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել է, որ ընդունում է հրավերը՝ առաջադրելով իր նախապայմանները։ Շարժման ներկայացուցիչները կմասնակցեն հանդիպմանը, եթե  այն տեղի ունենա խորհրդարանում, ուղիղ հեռարձակվի և օրակարգում էլ լինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը։

Հանդիպումը նախատեսված է վաղը կեսօրին։

Իշխանությունն ու ընդդիմությունն իրենց դիրքորոշումները հայտնում են, բայց բացակայում է միմյանց ընդառաջ գնալու ցանկությունը՝ արձանագրել էր նախագահ Արմեն Սարգսյանը՝ վարչապետին, խորհրդարանական 3 խմբակցությունների ղեկավարներին և վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդներին շաբաթ օրը՝ մարտի 13-ին հրավիրելով հանդիպման՝ նախագահական նստավայրում: Նպատակը առկա իրավիճակը քննարկելը և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելն է։

Խորհրդարանական ուժերից հանդիպման հրավերն առաջինը ընդունեց  ԼՀԿ-ն։ Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՖԲ-ի իր էջում գրել էր. 

«Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երեկ տարածված հայտարարության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար»։

Նախագահի հրավերն ընդունել է  նաև «Իմ քայլը» խմբակցությունը։ Խորհրդարանական իշխող ուժի ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ խմբակցությունը պատրաստ է մասնակցել Արմեն Սարգսյանի նախաձեռնած հանդիպմանը՝ երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկման և լուծումներ գտնելու համար: 

Խորհրդարանական երրորդ ուժը՝ ընդդիմադիր ԲՀԿ-ն նախագահի հրավերին պաշտոնապես չի արձագանքել։  Բայց կուսակցությունը նաև վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժման անդամ է, որը երեկ ուշ երեկոյան հայտնեց   իր որոշման մասին։ Շարժումն ընդունում է նախագահի հրավերը՝ առաջադրելով իր նախապայմանները․ կմասնակցեն  հանդիպմանը, եթե այն տեղի ունենա խորհրդարանում, ապահովվի ուղիղ հեռարձակում եւ օրակարգում լինի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը։ Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյան.

«Շարժման խորհրդի բոլոր անդամները եւ կուսակցությունները հաստատել են այս հայտարարությունը»։

Եթե այդ հանդիպումը տեղի չունենա, ուրեմն հերթական, ձեւական-ցուցադրական քայլն էր, թե  ելքեր են փնտրվում՝ արձագանքելով լրագրողների հարցերին շեշտեց Իշխան Սաղաթելյանը։

«Եթե իրենք մտահոգ են, ամեն ինչ պետք է անեն, որ այդ հանդիպումը տեղի ունենա եւ այդ հարցերը քննարկվեն։ Հակառակ դեպքում՝ իրենք կրկին փորձում էին ինչ-որ տեսարաններ ստանալ»։

Թե ինչ ձևաչափով տեղի կունենա հանդիպումը, առայժմ պարզ չէ։ Նախագահի աշխակազմից «Ռադիոլուրին» հայտնեցին, որ Արմեն Սարգսյանը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։

Կարդացեք նաև

Back to top button