
ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց անցկացվել է ակցիա՝ ի աջակցություն Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ու Հայոց բանակի: Հավաքին մասնակցել են զինվորականներ և քաղաքացիներ, ովքեր իրենց ելույթներում ընդգծել են, որ ցանկացած պարագայում կարգնելու են բանակի կողքին, մտահոգված են հայրենիքի ճակատագրով և եկել են իրենց աջակցությունը հայտնելու Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:
ՀՀ ՊՆ 51191 զորամասի նախկին զինծառայողները կոչ էին արել ծառայակից ընկերներին, ինչպես նաեւ Բանակի բոլոր վետերաններին և նախկին ծառայողներին այսօր ժամը 13։00-ին մասնակցել ՀՀ պաշտպանության նախարարության մոտ հանրահավաքին:
Փետրվարի 25-ին Զինված ուժերի անունից Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով, որին հաջորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը նախագահ Արմեն Սարգսյանին: Վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» է որակել։
Նախագահը փետրվարի 27-ին հրամանագրի նախագիծն առարկություններով վերադարձրել էր. նույն օրը վարչապետը կրկին ուղարկել էր իր միջնորդությունը։
Մարտի 2-ին Արմեն Սարգսյանը հայտարարել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը չստորագրելու որոշման և առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։






