ԿարևորՀասարակություն

Ֆեյքեր․ ռեսուրսների վատնու՞մ, թե՞ ազդեցիկ գործիք

Նա սիրում է հայհոյել ու ագրեսիվ կոչեր անել։ Ունի անուն ու հիմնականում «յան» վերջավորությամբ ազգանուն։ Միայնակ ուժ ու ազդեցություն չունի, փոխարենն ունի պատկանելություն՝ գուցե իշխանական կամ ընդդիմադիր թևի։ Բայց սա պարտադիր նկարագիր չէ։ Ֆեյքեր կարող են ստեղծվել նաև անձնական օգտագործման համար՝ օրինակ կնոջից կամ ամուսնուց թաքուն։ Այսպիսով, վերջին կետի ավելացմամբ,  ֆեյքերին ոչ ֆեյքերից տարբերակելու գործընթացն ավելի է բարդանում։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյան․

«Շատ դեպքերում դու կարող է չհասկանաս՝ ֆեյքի հե՞տ գործ ունես, թե՞ ռեալ մարդու, որովհետև մի կողմից կան լավ սարքած ֆեյքեր, որոնք դժվար են տարբերվում իրական օգտատերերից, և կա հակառակ խնդիրը․բավականին շատ նորմալ մարդիկ ֆեյքի տպավորություն են թողնում, որովհետև կիսաձևավորված հաշիվներ ունեն, փակ են գրում, այսինքն՝ միայն իրենց ընկերներն են տեսնում իրենց գրածները և ստուգել՝ իրական մարդ է, թե չէ՝ շատ դեպքերում անհնարին է»,–նշում է մեդիափորձագետը։

Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը զբաղվում է պաշտոնական ինֆորմացիայի հանրայնացմամբ, պարբերաբար մամուլից մեղադրանքներ է ստանում, ներկայացվում որպես ֆեյքերի ղեկավարման կենտրոն։ ՊՈԱԿ–ի ղեկավար Լիլի Մինասյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասում է՝ գիտի՝ հաճախ է թեման շրջանառվում։ Բայց սա ընդամենը տարածված միֆ է՝ ասում է։ Նրա խոսքով՝ ՊՈԱԿ–ն ասոցացնում են ֆեյքերի գեներացման կենտրոնի հետ, քանի որ այն նախորդ իշխանության ժամանակ նման գործառույթ է ունեցել, թեև անձամբ չի տեսել՝ հավելում է։ Նախկին աշխատողներն իրենց հետ տարել են կեղծ օգտահաշիվները։ Իսկ առհասարակ ֆեյքերի օգտագործումը համարում է ռեսուրսի անիմաստ վատնում։

«Շատ քիչ ազդեցություն ունի ֆեյքի գործածությունը հանրային դաշտի վրա։ Եթե նայենք էլեկտրոնային համակարգերում՝ իրենք օրվա թեմա սարքելու ազդեցություն են ունենում, իսկ իրական կյանքում մարդիկ ավելի շատ տեղեկացվում ու ինֆորմացիա են ստանում են բոլորովին այլ աղբյուրներից, ոչ թե ֆեյքերից», – ասում է Լիլի Մինասյանը։

Մինչդեռ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ճիշտ հակառակ համոզմանն է․  ֆեյքերն իսկապես կարող են սպառնալիք լինել ազգային անվտանգությանը։ Սոցիալական ցանցերում ԱԱԾ–ի կողմից բացահայտումներ անելը բարդանում է, քանի որ սոցցանցերը հատուկ պաշտպանում են մարդկանց իսկությունը։ Ռեպրեսիվ ռեժիմով երկրներում սոցցանցում գրառում անելը կարող է նույնիսկ սպառնալիք դառնալ մարդու կյանքի համար։

«Տեսականորեն կարող է, պրակտիկորեն ինձ թվում է՝ մեզ մոտ չափազանցված է ֆեյքերի ազդեցությունը, մենք ինչ–որ «հողմաղացների» դեմ ենք պայքարում։ Իրականում շատ դեպքերում խնդիրը նրանում է, որ, օրինակ, հանրային կառույցները նորմալ տեղեկատվական քաղաքականություն չեն վարում, և դա ֆեյքերի համար պարարտ հող է»,-հավելում է Սամվել Մարտիրոսյանը։

Ո՞րն է ֆեյքերի դեմ պայքարի ամենաուղիղ ու կարճ տարբերակը«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Լիլի Մինասյան․

«Շատ կարևոր է պետական պաշտոնական տեղեկատվության հանրամատչելիությունն  ու պրոակտիվությունը, այսինքն՝ պաշտոնական ինֆորմացիան պետք է բավականին հաճախ տրվի,  շատ ավելի լայն պարզաբանումներ տրվեն, որ հանրության մոտ բաց հարցեր չմնան ու այդ բաց տեղերը չլրացնեն ֆեյք գրառումները»,– Ասում է։

Ֆեյսբուքի գնահատմամբ՝ աշխարհում ֆեյք են օգտատերերի 4–5 տոկոսը։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ ֆեյքերը ստեղծվում են մի քանի գործառույթ իրականացնելու համար՝ հասարակական կարծիքի ձևավորում, քաղաքական կեղծ օրակարգի ստեղծում, ապատեղեկատվության տարածում և հակառակորդին լռեցնել։ Լիլի Մինասյանին այս համատեքստում մտահոգում է հետպատերազմյան շրջանում ֆեյքերի կողմից ատելության խոսքի տարածումը։ Ֆեյքերի վարքը հաճախ կարող է շփոթեցնող լինել․ հակառակորդ ճամբարի ֆեյքերը կարող են նմանակել միմյանց՝ վարկաբեկելու նպատակով։ Իրավիճակն այնպիսին է, որ անգամ մեդիափորձագետի համար բարդ է կեղծ օգտատիրոջն իրականից տարբերել․ ֆեյքերի բազմազանությունն ու անհաշվելիությունը հատուկ հետազոտություն են պահանջում նաեւ Հայաստանում։

Կարդացեք նաև

Back to top button