ԿարևորՄիջազգային

Հետաքննությունների դաշնային բյուրոն կոչ է անում տեղեկություն տալ Կոնգրեսում անկարգություն հրահրածների մասին

ԱՄՆ օրենսդիրները կոչ են արել անցկացնել Կապիտոլիումի ոստիկանական ուժերի ստուգումներ Թրամփի կողմնակիցների կողմից Կոնգրեսի շենք ներխուժելուց հետո: Միևնույն ժամանակ, որոշ կոնգրեսականներ բարձր են գնահատել իրավապահ մարմինների արձագանքը

«Ամերիկայի ձայնը» գրում է, որ հետաքննության կոչերով հանդես են եկել նաև երկու դեմոկրատ կոնգրեսականներ, որոնք նախագահելու են Կապիտոլիումի ոստիկանության բյուջեն վերահսկող նոր Կոնգրեսի ենթահանձնաժողովները: Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հորդորել է, որ հրաժարական ներկայացնի Կապիտոլիումի ոստիկանապետը:

Իր հերթին Հետաքննության դաշնային բյուրոն հորդորում է քաղաքացիներին տրամադրել լուսանկարներ, տեսանյութեր և տեղեկություններ անկարգությունները հրահրածների մասին:

Բայդընի երդմնակալությանն ընդառաջ, Վաշինգտոնի քաղաքապետը երկարացրեց արտակարգ դրության ռեժիմը 15 օրով՝ «խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու համար»:

Երդմնակալության ընթացքում անվտանգությունը կապահովի Գաղտնի ծառայությունը, բայց նրանց սովորաբար օգնում են այլ գերատեսչություններ, մասնավորապես Կապիտոլիումի ոստիկանությունը, Մետրոպոլիտենի ոստիկանությունը, Դաշնային ավիացիոն վարչությունը և Ազգային գվարդիան:

Երեկ տեղի ունեցած անկարգությունների արդյուքում չորս մարդ է զոհվել: 52 մարդ ձերբակալվել է: Այս մասին հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանապետ Ռոբերտ Քոնթին: Ուշ երեկոյան կայացած մամուլի ասուլիսում նա ասել է, որ 52 ձերբակալվածներից 47-ը խախտել են քաղաքապետ Մուրիել Բաուզերի կողմից սահմանված պարետային ժամը: Կապիտոլիումի տարածքում ձերբակալվել է 26 մարդ: Եվս մի քանի մարդ բերման է ենթարկվել չլիցենզավորված կամ արգելված հրազեն կրելու մեղադրանքով:

Քոնթին ասել է նաև, որ հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների ազգային կոմիտեների կենտրոնակայանում հայտնաբերվել են երկու խողովակային ռումբեր, իսկ Կապիտոլիումի տարածքում գտնվող մեքենայում ` սառնարան, ուր հայտնաբերվել են ՛՛մոլոտովի կոկտեյլներ՛՛:

Ոստիկանապետը հրաժարվել է տրամադրել Կապիտոլիումի ոստիկանության սպայի կողմից սպանված կնոջ անունը` ասելով, որ իր հարազատներից մեկը դեռ տեղեկացված չէ իր մահվան մասին: Նա նաև ավելացրել է, որ չորեքշաբթի օրը եւս երեք մարդ մահացավ բժշկական արտակարգ իրավիճակների պատճառով, իսկ ոստիկանության 14 աշխատակից վիրավորվել է, որոնցից երկուսը դեռ հիվանդանոցում են:

ԱՄՆ դատախազությունը պատրաստվում է քրեական գործեր հարուցել Թրամփի կողմնակից մի շարք ցուցարարների նկատմամբ, ովքեր մասնակցել են Կապիտոլիումի գրոհին չորեքշաբթի օրը:

Գլխավոր դատախազի պաշտոնակատար Ջեֆրի Ռոզենն ասել է, որ մեղադրանքներ կառաջադրվեն հինգշաբթի օրը, ապացույցների հավաքագրումը կշարունակվի առաջիկա օրերին և շաբաթներին, որին կհաջորդեն նոր ձերբակալություններ:

Կարդացեք նաև

Back to top button