
Ադրբեջանական սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութից են Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի 18–ամյա բնակիչ Էրիկ Մխիթարյանի հարազատներն իմացել, որ վերջինս գերի է։ Էրիկի ընտանիքի անդամները լուր չեն ունեցել հոկտեմբերի 8–ից։ Տեսանյութը համացանցում տեսել են նոյեմբերի 22–ին։ Ժամկետային զինծառայողի եղբայրը՝ Արտյոմ Մխիթարյանը, « Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ տեսանյութում հաստատ իրենց եղբայրն է, բայց դեռևս ոչ մի լուր չունեն։
«Նույնականացումն իրականացվել է, ինքն է 100 տոկոսով։ Եվրադատարանն էլ է հայցով դիմել, պատասխան չի ստացել։ Արդեն երկու ամիս է վիդեո տարբերակը կա, ադրբեջանական կողմից չի հաստատվել»։
Գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այս պահին մեր կողմից վարվող գործերի քանակը 90–ն է։ Ընդհանուր առմամբ՝ շուրջ 100 անձի վիճելի ապացույցներով գերևարություն մնում է չլուծված։
«Ակնկալիք ունեինք մինչև դեկտեմբեր, սակայն ինչ- ինչ պատճառներով, որոնց մեջ քաղաքական տարրը մեծ է, ձգձգվում է։ Ուստի այս խնդիրները կտեղափոխվեն 2021 թվական»։
Մթության մեջ դրկան լույսն այն է, որ նշված բոլոր անձանց կյանքն ու ֆիզիկական անձեռնմխելիությունը գտնվում են միջազգային ատյանների պաշտպանության ներքո, ասում է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Իմ կողմից մատնանշված թվերն իրատեսական են, ուղղակի ինչ ժամանակահատվածում կկարողանանք կազմակերպել վերադարձը, սա է խնդրահարույց։ Բայց անգամ փուլային տարբերակով վերադարձման փոխանակումների պարագայում, ես կարծում եմ, որ 100 և ավելի գերևարված անձինք կվերադառնան Հայաստան»։
Շարունակվում է նաև անհետ կորածների հետքերի որոնումն ու ուսումնասիրությունը, նրանց միջից հնարավոր գերևարման կանխավարկածներ հաստատելու ուղղությամբ աշխատանքները։ Արցախում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Արցախի փրկարարական երեք խումբ նախօրեին որոնողական աշխատանքներ է իրականացրել Արցախի հարավային այն հատվածներում, որոնք անցել են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Երեկվա աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 22 զինծառայողի մարմին, «Ռադիոլուրին» ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Աշխատանքներն այսօր դեռ շարունակվում են։
«Նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել, աշխատանքներ իրականացնել դարձյալ հարավային թևում, այս անգամ` Կուբաթլուի և Ֆիզուլու հատվածներում, բայց քիչ առաջ տեղեկացանք, որ միայն մեկ խմբի են թույլատրել, որպեսզի իրականացնեն որոնողական աշխատանքներ։ Մենք անընդհատ կապի մեջ կլինենք և կիմանանք, արդյո՞ք թույլատրել են անցնելու Ֆիզուլու հատված, թե՞ ոչ։ Առայժմ մեկ խումբ է, որ նախապես պետք է իրականացնի որոնողական աշխատանքներ»։
Նոյեմբերի 13–ից մինչև դեկտեմբերի 29–ը ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է 1133 մարմին` այդ թվում` քաղաքացիական անձանց։




