
Գործ ունենք բազմաշերտ սադրանքի հետ, որն ունի լոկալ բնույթ, բայց նպատակներն ավելի լայն են՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Հադրութի շրջանում երեկ արձանագրված միջադեպերին։
Ըստ ՊՆ և ՊԲ հաղորդագրությունների՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերը, խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։ Հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։ Ադրբեջանական ուժերի սադրիչ գործողությունները շարունակվել են նաև այսօր:
Դավիթ Բաբայանի հետ «Ռադիոլուրը» զրուցել է ստեղծված իրավիճակի շուրջ, նրանից հետաքրքրվել, թե ինչ նպատակ է հետապնդում ադրբեջանական կողմը՝ հերթական սադրանքը նախաձեռնելով։
«Ադրբեջանը մասնագիտացած է սադրանքների հարցում և դրանց դիմում է թե ռազմաքաղաքական, թե դիվանագիտական, թե տեղեկատվական ոլորտներում։ Հետևաբար, այս քայլն ուղղած է և Արցախի դեմ, թե խաղաղապահների վարկանիշի դեմ, թե Ռուսաստանի դեմ ինչ-որ առումով։ Գործ ունենք բազմաշերտ պրովոկացիայի հետ, որն ունի լոկալ բնույթ, բայց նպատակներն ավելի լայն են»։
Դավիթ Բաբայանը մանրամասնել է նաև, թե որոնք են Ադրբեջանի «լայն» նպատակները։
«Նախ՝ խախտում է զինադադարը, ապա փորձում է ահաբեկել Արցախի ժողովրդին, Արցախ վերադարձող մարդկանց։ Արցախն այսօր շատ ծանր վիճակում է, նման իրավիճակում իր ողջ պատմության մեջ թերևս չի եղել, այսպիսի փոքր տարածք երբևիցե չենք ունեցել մեր 11 հազար տարվա ընթացքում։ Եվ չնայած ռուս խաղաղապահների տեղակայմանը, մարդկանց մոտ կասկածներ ու մտավախություններ են առաջանում։ Երկրորդը՝ այս գործողություններով հարված է հասցնում Ռուսաստանի վարկանիշին, երրորդը՝ փորձում են ներսում հակառուսական տրամադրություններ առաջացնել»։
Հակառուսական տրամադրություններ Արցախում չկան, նման տրամադրություններ ունեն առանձին գործիչներ և շրջանակներ, որոնք հաջողություն չեն հասնելու՝ ասել է Բաբայանը։




