
Այսօր Թեհրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն ՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Բաքու կատարած այցի ընթացքում հնչեցրած անընդունելի արտահայտությունների՝ ասել է ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն:
Դեսպանին հայտնել են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը անհապաղ բացատրություն է պահանջում Թուրքիայի կառավարությունից:
ԱԳՆ-ում նաև շեշտել են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը «ոչ մեկին թույլ չի տա միջամտել իր տարածքային ամբողջականությանը»:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ավելի վաղ կոշտ պատասխանել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` դեկտեմբերի 10-ին Բաքվում շքերթի ժամանակ նրա կողմից արտասանած բանաստեղծության մի հատվածի առնչությամբ:
«Նախագահ Էրդողանին չեն տեղեկացրել, որ այն, ինչ նա սխալմամբ արտասանել է Բաքվում, վերաբերում է Արաքսի հյուսիսում գտնվող տարածքները բռնի կերպով Իրանից անջատելուն: ՈՉ ՄԵԿ չի կարող խոսել ՄԵՐ սիրելի Ադրբեջանի մասին»,- Թվիթերում գրել է Զարիֆը՝ նկատի ունենալով Իրանի Ադրբեջան նահանգը:
Ելույթ ունենալով Բաքվում կայացած շքերթին ՝ Էրդողանը արտասանել էր հատված մի բանաստեղծությունից, որում իմաստը կայանում է նրանում, թե «Ադրբեջանի տարածքները գրավվեցին Արասից (Արաքս) հարավ»: Թեհրանը դա ընդունել է որպես հստակ ոտնձգություն Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ:
Տրանսպորտի նախկին նախարար Աբբաս Ախունդինն էլ դա որակել է որպես «Թուրքիայի տարածաշրջանային էքսպանսիոնիստական քաղաքականության» դրսևորում:




