
Տիգրան Վիրաբյանը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին Տիգրան Վիրաբյանը գրել է ֆեյսբուքի իր էջում:
«Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ եմ ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է՝ մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարևոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին: Ուստի դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից:
Կարծում եմ՝ անցած երկու տարիներին բավական դրական փոփոխություններ են տեղի ունեցել իմ համակարգման ներքո գտնվող ոլորտներում՝ մշակույթ, հանրակրթություն, սպորտ:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ավագանու խմբակցություններին և քաղաքապետարանի աշխատակազմի գործընկերներիս՝ համատեղ աշխատանքի համար: Հատկապես շնորհակալ եմ քաղաքապետ Մարությանին՝ ցուցաբերած վստահության համար: Համոզված եմ, որ մեր մայրաքաղաքը, անկախ բոլոր արհավիրքներից ու դժվարություններից, շարունակելու է զարգանալ: Կջանամ Հանրային հեռուստաընկերության մեծ ընտանիքի հետ միասին առավելագույնս օգտակար լինել հանրությանը»,- գրել է նա:




