
Խակ պտուղը ամբողջովին խակ չէ, որ իր սպառողին չգտնի միջազգային անիմացիոն շուկայում։ «Զակո» (խակ պտուղ) անիմացիոն ֆիլմը նկարիչ Սարգիս Մանգասարյանի մասին է, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերի էր ընկել ու իր նկարելու տաղանդի շնորհիվ կենդանի մնացել։ Ֆիլմի ռեժիսորը՝ Տիգրան Առաքելյանը եւս հայտնվում է պատերազմական իրավիճակում ճիշտ այնպես, ինչպես իր ֆիլմի հերոսը։
«Անկախ իմ կամքից փորձառություն եմ ձեռք բերում էդ իրավիճակում, որը, բնականաբար, վիզուալ ու ապրումային իմաստով ավելի խորքային կկարողանաս ներկայացնել կերպարին։ Մի բան է, երբ որ դու պատկերացնում ես այդ վիճակում այդ կերպարին, և մեկ այլ բան է, երբ դու այդ իրավիճակը քո մաշկի վրա ես զգացել։ Ինձ թվում է՝ դա իր ազդեցությունը կունենա, բայց ոչ այդպես գլոբալ փոփոխություններով»,-նշում է Տիգրանը։
«Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերավորման արվեստի միջազգային կինոփառատոնի աջակցությամբ «Զակո» ֆիլմի ծրագիրը վրացական փառատոնի հետ համատեղ մասնակցել է մրցույթ–աշխատարանի: Աշխատարանը սկսվել էր պատերազմի հաջորդ օրը, ֆիլմը մրցակցում էր հարևան Վրաստանի միանգամից չորս նախագծի հետ։ Արդյունքում՝ հայկական նախագիծը հաղթող է ճանաչվում և ֆիլմը հավատարմագրվում է «Անեսսի» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին, որտեղ էլ հաջորդ տարի կգտնի իր գործընկերներին։ «Զակո»–ն պատմություն է ստեղծագործող մարդու ոչ ստեղծագործական միջավայրում հայտնվելու մասին։

«Էստեղ, որտեղ կար ստեղծագործող մարդու հարաբերությունը համակարգի հետ ու էքստրեմալ իրավիճակում, որը ինչ–որ տեղ ցանկացած ստեղծագործող մարդու մոտ դրսևորվում է ու թե ինչպես է ստեղծագործող մարդը սկսում իրեն պահել արդեն նման իրավիճակում։ Ինչպես է ազդում այդ իրավիճակը իր վրա և ինչ արդյունքի է հասնում դրա հետևանքով։ Ստեղծագործող մարդու ներքին ապրումներն է այդ դաժան պատերազմական պատկերները տեսնելուց հետո, թե ոնց է ինքը դրա հետևանքով փոխակերպվել ու ինքն իրեն ինչպես է կարողացել գնահատել»,-ասում է Տիգրան Առաքելյանը ։
«Զակո» ֆիլմը ստեղծվելու է Տիգրան Մանգասարյանի համանուն գրաֆիկ նովելի հիման վրա։ Այս անիմացիոն ծրագիրը հետաքրքրական է նաև տեխնիկական մոտեցումներով։ Ֆիլմը ստեղծվելու է VR՝ վիրտուալ իրականության կամ վիրտուալ նկարչության միջոցով, որը 2D և 3D անիմացիաների խառնուրդ է։ Հայկական անիմացիան աշխարհում ճանաչելի և պահանջված դարձնելու տարբերակներից մեկը, ըստ Տիգրան Առաքելյանի, համարտադրությամբ ֆիլմերի ստեղծումն է։

«Դրա արդյունքները կարելի է թե՛ Կաննի փառատոնում տեսնել, թե՛ Օսկարի։ Սա, երբ մեր երկրի նման փոքր ռեսուրս ունեցող երկիրը համարտադրություն է սկսում, ասենք՝ Գերմանիայի, Ֆրանսիայի կամ այլ երկրի հետ ու միասնական ուժերով է այդ ֆիլմը ստեղծվում։ Դա նախ տարածման, երկրորդ՝ հնարավորությունների ընդլայման հարթակ է դառնում և նոր փորձառություններ ձեռք բերելու [հարթակ]։ Ինձ թվում է, որպեսզի այդ ամեն ինչը իրականություն դառնա պետք է, հետ գնալով պատասխանում եմ Ձեր հարցին, փորձենք համատեղ արտադրությունների վրա էլ շեշտ դնել»,-հավելում է ռեժիսորը։
«Զակո» ֆիլմի աջակիցներից մեկն էլ Հայաստանի ազգային կինոկենտրոնն է: Արդեն երեք տարի է արտադրողից վերածվել է աջակցող կազմակերպության։ Եթե նախկինում տարեկան ստանում էին մինչև 40 հայտ, ապա 2018թ–ից սկսած ամեն տարի ստանում են միջինում 120 հայտ։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյան․

«Անցանք լրիվ միջազգային ձևաչափերի, որը ունեցավ իր արդյունքը։ Ասում եմ՝ հավատացեք, բավականին փոխվել է արդեն դաշտը, և մեծ ուշադրություն ենք դարձնում դեբյուտանտ ռեժիսորներին։ 2018թ–ից սկսած, ավելի շատ 2019-20 թթ, բավականին մեծ աճ ենք ունեցել դեբյուտանտների, 2020 թ–ին կարող եմ նշել, որ լիամետրաժ ֆիլմերի ֆինանսավորման առումով մոտ 50 տոկոսը դեբյուտներ են, իսկ անիմացիան մոտ 70 տոկոսը։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մեծ ցուցանիշ է դա»։
Այս տարի ֆինանսական աջակցություն են ցուցաբերել9 անիմացիոն ֆիլմի, որից 6–ը՝ դեբյուտային նախագծեր էին։ Համաարտադրությամբ ստեղծվելու է երկու կարճամետրաժ ֆիլմ․ «Երբ ես տխուր եմ»` Ֆրանիսիայի հետ և «Ծերունին և աղջիկը»` Իրանի հետ։

«Լինում են դեպքեր, որ մեզ դիմում են տարբեր փառատոներից` խնդրելով, որ հայակական ֆիլմեր մասնակցեն այդ փառատոներին, և մենք, իհարկե, դիմում ենք մեր արտադրող ընկերություններին և օգնում ենք, որ իրենք կարողանան իրենց ֆիլմերը ներկայացնեն այդ փառատոններին։ Սա է հիմնական կինոկենտրոնի կողմից հանրահռչակման մի ձևը։ Եվ ասեմ ավելին` հին ֆիլմերը։ այսինքն՝ ֆիլմեր, որոնք արդեն ավարտվում են և հանձնվում են կինոկենտրոնին, մենք հեռուստաընկերություններին ենք դիմում` ֆիլմերը ցուցադրելու համար»,—խոսքն ամփոփում է Շոիշանիկ Միրզախանյանը։
«Զակո» ֆիլմի նկարիչ–հերոսը Մոսկվայում մասնակցելով Պիկասոյի ցուցահանդեսին ինքն իրեն ու իր սերնդին գնահատական է տալիս․ խակ պտուղ։ Հիմա խակ պտուղը հասունացել է այնքան, որ պատրաստ է անիմացիոն լեզվով աշխարհին պատմել պատերազմի արհավիրքում իր դեմքը չկորցրած հայ նկարչի մասին։




