
«Հայկական գինու առանձնահատկությունն այն է, որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով»
Նշանավոր հայ Շառլ Ազնավուրի այս խոսքերի կենդանի ապացույցն է շուրջ երկու տասնամյակ գինեգործությանն իրենց նվիրած Վարուժանի համեստ կենացը։ Նրա կողմից հիմնադրած Van Ardi Winery –ն միացել է «Հայ գինեգործները Արցախի համար» նախաձեռնությանը։ Պատերազմական օրերին խաղող են հավաքել և գինի պատրաստել, ասում է ՝ թիկունքում հզոր տնտեսություն է պետք ունենալ․
«Հավերժություն հայ ազգին, հաղթանակ՝ հնարավորինս քիչ վնասներով և ի գործ, շատ աշխատել և քիչ խոսել է պետք: Ինչով կարող ենք, պետք է օգնենք։ Ես շատ գինեգործ ընկերներ ունեմ. ով ինչպես կարողանում է, օգնում է, բայց դա շատ չնչին բան է այն ամենի համեմատ, ինչ անում է զինվորը ռազմաճակատում։ Դրա համար մեզնից հասանելիք առավելագույնը բոլորս պետք է անենք, սա կենաց մահու կռիվ է»։

«Հայ գինեգործներն Արցախի համար» Նախաձեռնության կազմակերպիչ Վլադ Խաչատրյանը Ռադիոլուրի հետ զրույցում տեղեկացրեց, որ 20-ից ավելի գինեգործներ համախմբվել են մեկ գաղափարի շուրջ։ Նոյեմբերի 14-ին իրականացվելու է ցուցահանդես վաճառք, յուրաքանչյուրը կկարողանա ձեռք բերել հայկական սիրված գինիները շուկայականից ցածր գներով և միաժամանակ կատարել իր ներդրումը ՝ հայրենիքին աջակցելու գործում:
«Ես ուզում էի համախմբել բոլոր գինեգործներին և ինչ որ բան անեինք Արցախի համար։ Միտք առաջացավ նման նախաձեռնություն իրականացնելու և ոչ թե 30,40 տոկոս աւյլ ամբողջությամբ՝ վաճառքից գոյացած 100 տոկոս փոխանցվելու է Հայաստան համահայկական հիմնադրամին»։
Հայկական գինիները կներկայացվեն VEREV Rooftop բար-ռեստորանում․
«Մենք էլ մեր հերթին ուզեցինք մեր օգտակարությունը ունենալ այս գործում և աջակցել Արցախին»։
Բար – ռեստորանի հիմնադիր տնօրեն Շանթ Գոչյանն ասում է, որ մեծ սիրով են որոշել աջակցել այս նախաձեռնությանը։ Նրա խոսքով՝ ամենակարևորն օգնությունը պարբերական դարձնելն է․

«Եթե մեկ անգամ օգնություն ենք ցուցաբերել կամ աջակցել ենք որևէ նախաձեռնության, դա պետք է մեկ անգամով չսահմանափակվի, որքան կարող ենք պետք է օգնենք ու աջակցենք»։
Ըստ լեգենդի` մարդկությունը բացահայտեց գինու համը այն ժամանակ, երբ Նոյ նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը: Նոյը Արարատ լեռան լանջերին խաղող տնկեց և դրա պտուղներից էլ գինի ստացավ: Գինի, որը շարունակում են պատրաստել այսօր, գինի, որով դեռ հաղթանակի կենացներն ենք խմելու։




