
Երբ երկրում բերքահավաքի օրերին հայտարարվում է զորահավաք, այլ բան տեղի ունենալ չէր կարող, քան Բերքազորահավաք նախաձեռնության ստեղծումը։ Սմբուկաբիբարային արևոտ տրամադրությամբ երիտասարդներն իրականացնում են բերքահավաք, ստացված բերքը ուղարկում Արցախից եկած ընտանիքներին, ինչպես նաև պահածոյացնում, քանի որ առջևում ձմեռ է, իսկ Արցախցի ընտանիքները կրկին սննդի կարիք են ունենալու:
«Մենք իրականացնում ենք բերքազորահավաք մի քանի գյուղերում։ Կամ բերքը հավաքում ենք և թողնում դաշտում, կամ պահածոյացնում ենք, կամ էլ բաժանում Արցախցի ընտանիքներին»։
Բերքազորահավաքի նախաձեռնող խմբի անդամ Արման Հայրապետյանը պատմում է, որ կամավորների շարքերում են ամենատարբեր մասնագիտություններ ունեցող անձիք՝ շուկայագետից մինչև շախմատի գրոսմայտեր, հավաքվել են նույն գաղափարի շուրջ՝ թույլ չտալ, որ գյուղացու բերքը փչանա և միաժամանակ օգնել մեր հայրենակիցներին․

«Բերքը հավաքելու ժամկետ ունենք, պետք է զորահավաքը մոբիլիզացնել և արագ աշխատել»։
Բերքը պահածոյացնելու գաղափարը նախաձեռնող խմբի անդամ ֆերմեր Հայկ Մելքոնյանինն էր, գաղափարն արդեն դարձել է իրականություն, շուրջ 10 հազար պահածո արդեն ունեն: Հայկը պատմում է, որ գյուղացիները պատրաստ էին բերքը անվճար տրամադրել, երբ իմանում էին, որ սնունդը բաժանվելու է Արցախցիներին․

«Այս պահի դրությամբ ունենք 10 հազարից ավել պահածո, խավիար, մյուս փուլում պետք է պատրաստենք մուրաբաներ, թթուներ, ինչ հնարավոր է հավաքելու ենք, որ գյուղացու բերքը չփչանա»։
Մեզանում տարածված մի ասացվածք կա՝ գյուղ կանգնի գերան կկոտրի, այլ կերպ ասած, բերքահավաք լինի թե զորահավաք, անհնարին ոչինչ չկա, երբ բոլորս միասին ենք և պատրաստակամ։




