ԿարևորՄիջազգային

Սփյուռքն աշխարհից պահանջում է, հայրենիքին՝ օգնում

Աշխարհի տարբեր անկյուններում շարունակում է հնչել հայերի «ձայնը»։ Նույն անկյուններից էլ դեպի հայրենիք են գուլիս աշխարհասփյուռ հայերի զորակցությունը,  ֆինանսական աջակցությունը, նաև՝ խաղաղության համար աղոթքները ։ 

Հայկական բողոքի ու պահանջի ձայնի հետքով սկսենք երկրագնդի արևմտյան կիսագնդից։ Միացյալ Նահանգներում հայերը բողոքի ցույց են անցկացրել Վաշինգտոնում «BGR Group» լոբբիստական ընկերության դիմաց՝ պահանջելով խզել կապերն Ադրբեջանի հետ։ Տեղի հայերը վստահ են, որ Ադրբեջանի հետ համագործակցելով՝ ամերիկյան ընկերությունը կոծկում է Արցախում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները: Լոբբիստական ընկերության դիմաց հավաքվածները պաստառներ են բարձրացրել, որոնց վրա ՝ «BGR-ը ֆինանսավորում է պատերազմական հանցագործությունները», «Կանգնեցրեք, Ալիևի ռեժիմը» գրություններն էին։

Հայրենիքին օգնության ձեռք են մեկնել նաև ռումինահայ երիտասարդները՝ յուրօրինակ մտահղացմամբ: Ռումինիայի «Վարդավառ» պարախմբի պարուսույց Բելա Մարտիկյանի նախաձեռնությամբ ռումինահայ երիտասարդները՝ նրանց հետ նաև համայնքի անդամները, դասերից, աշխատանքից հետո հավաքվում են՝ հայկական զարդանախշերով գլխաշորեր պատկերազարդում ու վաճառում: Վաճառքից գոյացած գումարը նվիրաբերվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Իսկ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանն Արցախում է՝ առաջնագծում: Նա հանդիպել է մարտական գործողություններին մասնակցող զինվորների ու կամավորների հետ։ «Երբեք չկարծեք, որ դուք առանձին եք, մենք պետք է հաղթենք, վստահ եղեք, որովհետևւ ձեզ նման առյուծասիրտ զինվորներ ունենք, դուք մեր հպարտությունն եք: Մենք ձեր առջև խոնարհվում ենք, մենք ձեզնով հպարտ ենք: Թող Աստված ձեր աջը զորացնի, որպեսզի կարողանանք թշնամուն հետ մղել այս սրբազան, այս սուրբ հողից: Այն միայն հող չէ, այս երկիրը Աստծո տունն է»,- դիմելով Հայոց բանակի զինվորներին՝ ասել է թեմի առաջնորդը:

Պրահայի հայ վարսահարդարներն իրենց աշխատանքից գոյացած եկամուտը արդեն տևական ժամանակ է ուղարկում են հիմնադրամիներին։ Նախաձեռնության անդամներից մեկը Պրահայում ապրող ու աշխատող հայ վարսավիր Սոնա Վարդանյանն է։ Շուրջ 4500 դոլար ուղարկել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, 6500 դոլար «Հայ մայրեր հիմնադրամին»։ Օգնության հասցեատեր են եղել նաև անհատներ ու Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներ։ «Մեր՝ սփյուռքի խնդիրը ոչ միայն հայրենիքին գումարով օգնելն է, այլ նաև պատերազմի մասին բարձրաձայնելը, քանի որ Եվրոպան ինչպես միշտ լուռ է»,– ասում է Սոնա Վարդանյանը և վստահեցնում, որ հայը հաղթելու է, քանի որ թիկունքն արդեն հաղթել է։

Կարդացեք նաև

Back to top button