
Հեղինակավոր «The Art Newspaper» պարբերականը «Հայկական հուշարձանները՝ ղարաբաղյան հակամարտության կրակի գծում» վերնագրով հոդված է հրապարակել` անդրադառնալով պատերազմական գործողությունների պատճառով հայկական պատմամշակութային ժառանգության և հնագիտական վայրերի վտանգված լինելու խնդրին։
Պարբերականը գրում է, որ հակամարտության գոտում կան բազմաթիվ կրոնական և քաղաքակրթական կարևոր կառույցներ, հուշարձաններ և արվեստի տարբեր նմուշներ՝ ներառյալ հնավայրեր, որոնց մի մասն այժմ հարձակման տակ է։
Անդրադառնալով հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարի հրթիռակոծությանը՝ «The Art Newspaper»-ը գրում է, որ թեև Ադրբեջանը հերքել է իր ուժերի կողմից պատմական, մշակութային և հատկապես կրոնական կառույցների և հուշարձանների թիրախավորումը, բայց ըստ Կոլորադոյի Դենվեր քաղաքում բնակվող հայազգի քաղաքագետ Սիմոն Մաղաքյանի՝ Ադրբեջանը դիտավորյալ գնդակոծում է սրբավայրերը, որ վերացնի հայկական և քրիստոնեական անցյալը վկայող փաստերը, հետևապես նաև տարածքային պատկանելությունը։ Անցյալ տարի «Hyperallergic» առցանց ամսագրում Մաղաքյանն ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ոչնչացումը Նախիջևանում, որտեղ ոչնչացվել է 89 միջնադարյան եկեղեցի, 5840 խաչքար և 22000 տապանաքար:

«Այժմ, կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի բոլոր 4000 մշակութային ժառանգության օբյեկտները լուրջ սպառնալիքի տակ են, այդ թվում՝ պատմական Ամարաս քաղաքի հինգերորդ դարի Սուրբ Գրիգորիսի դամբարանը և 13-րդ դարի Դադիվանքը, որը հիմնադրվել է որպես մատուռ 1-ին դարում»,- «The Art Newspaper»-ին ասել է Սիմոն Մաղաքյանը։
Ներկայացնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի՝ հոկտեմբերի 9-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված նամակը՝ հեղինակավոր պարբերականը գրում է, որ նույն օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր կայքում տեղադրել է դատապարտող հայտարարություն, որով լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության շարունակական սրման կապակցությամբ, ինչը հանգեցնում է քաղաքացիական զոհերի աճի և վնասում է քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ներառյալ դպրոցները, մշակութային և կրոնական վայրերը, և ազդում լրագրողների անվտանգության վրա: Այս կապակցությամբ քաղաքագետ Սիմոն Մաղաքյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին մեղադրում է մշակութային արժեքների ոչնչացման վրա աչք փակելու մեջ՝ ասելով, որ դա «մեղսակից լռություն է Ադրբեջանի մշակութային ցեղասպանության գործողությունների հանդեպ»:
«The Art Newspaper»-ի հրապարակմանն ամբողջությամբ՝ այստեղ
Լուսանկար՝ Celestino Arce/NurPhoto-ի




