
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին, բայց կասկածում է, որ Երևանը կարող է կառուցողական քայլեր անել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, հայտնում է Ինտերֆաքսը։
«Ես նման հրավեր չեմ ստացել (Մոսկվայում բանակցություններ անցկացնելու- խմբ): Ես բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, բայց Հայաստանում Փաշինյանի իշխանության գալուց հետո այդպիսի հանդիպումներ չեն եղել: Այս հանդիպումները Հայաստանի նախորդ նախագահների հետ են եղել, և ես երբեք չեմ խուսափել դրանցից », — ասել է Ալիևը
Ալիևը շեշտել է, որ այդ հանդիպումները դրական է համարում, քանի որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, հատուկ դեր է խաղում կարգավորման գործընթացում:
«Ռուսաստանը միշտ սերտ կապեր է ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, և այսօր, քաղաքական և տնտեսական փոխգործակցության տեսանկյունից, Ռուսաստանը շատ ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի և Հայաստանի հետ: Հետևաբար, իհարկե, այդ հանդիպումների մեծ մասն անցկացվել է Ռուսաստանում: Բայց Փաշինյանի օրոք այդպիսի հանդիպումներ չեն եղել: Ես չգիտեմ, թե դրանք որքանով արդյունավետ կլինեն հիմա … Բայց եթե նման առաջարկ լինի, մենք այն միշտ դրական ենք համարել և կդիտարկենք», — նշել է նա:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվա գալ Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների, «և, ինչպես Դուք եք ասում, առանց որևէ նախապայմանի»:




