
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոչով է դիմել քաղաքացիներին.
«Կորոնավիրուսային հիվանդության թվերն օրեցօր աճում են զգալի տեմպերով: Այսօր հաստատվել է հիվանդության 2213 նոր դեպք:
Ընդհանուր առմամբ, այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի: Առավոտյան` ժամը 9-ի դրությամբ, 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք:
Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտներին:

Սիրելի՛ ժողովուրդ,
Խնդրում և կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները: Ավելին` դիտողություն արեք բոլոր այն մարդկանց, ովքեր չեն հետևում դրանց` վտանգելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Թո՛ւյլ տվեք բժշկական անձնակազմին զբաղվել մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ:
Կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:
Ամուր պահենք թիկունքն ու չմոռանանք, որ. «ԲԺԻՇԿՆԵՐՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԶԻՆՎՈՐԻՆ ԵՆ ՊԵՏՔ»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարը։




