
Իմ աշխատանքային գործիքները թուղթն ու գրիչն են: Այսօր թուղթն իր տեղում է, բայց ձեռքիս գրիչի փոխարեն վրձին է, կողքին՝ ջրաներկ: Սովորաբար կյանքի մասին գրում եմ, այսօր փորձելու եմ նկարել այն:
Պատերազմի ժամանակ կյանքի մասին նկարելը հեշտ բան չէ. Թվում է՝ արևի դեղինը կրակի կարմիր է դարձել, երկնքի կապjուտը՝ մոխրագույն: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ինչ-որ մեկը խառնել է մեր կյանք-նկարի գույները:
Բոլորս փորձում ենք ինչ-որ բան անել դրանք վերականգնելու համար: Շահագրգռվածների մեջ ակտիվ են նաև գույների տերերը՝ նկարիչները:
«Վերջերս միացա իմ արվեստագետ ընկերների նախաձեռնությանը, որի շրջանակներում օնլան հարթակում մեր աշխատանքները հանում էինք վաճառքի, ու ստացված ողջ հասույթը ուղղվում էր Հայաստան համայկական հիմնադրամին»:
Արևիկ Բեջանյանը նկարչուհի է: Վերջերս իր ֆեյսբուքյան էջում նկար հայտնվեց. Էտյուդ «Ճամբարակ: Ռմբակոծված կտուրը»: Վաճառքը՝ աճուրդային:
«Նկարում պատկերել եմ Ճամբարակի քաղաքային կոլորիտը, ռմբակոծված տներից մեկը։ Տեղացիները պատմեցին, որ տարիներ շարունակ թուրքերի հարձակումների ժամանակ քաղաքը ռմբակոծվել է: Քաղաքով շրջելիս նկատեցինք, որ գրեթե ոչ մի անվնաս կտուր չկա: Երբ նկարը հրապարակեցի, հաջորդ օրը մի զանգ ստացա, շատ հուզված, շփոթված ու հաճելի ձայնով մի կին ինձ ասաց, որ նկարը պատահական է տեսել ու այնտեղ պատկերված է իր հայրական տունը։ Անչափ ուրախացա ու որոշեցի աճուրդից հանել նկարը ու միանգամից վաճառել նրան»։
Այսօր նկարի հասույթն արդեն իսկ փոխանցվել է հիմնադրամին: Հենց այսպիսի դեպքերը մի վայրում համախմբելու համար է ստեղծվել Արտիստներն Արցախի համար (ARTists for ARTsakh) ֆեյսբուքյան էջը. իսկական դրախտ արվեստասեր ու հայրենիքին օգնելու պատրաստ մարդկանց համար:
«Նկարիչներն էլ բավարարված են լինում, որ կարողանում են օգնություն ուղարկել։ Շատերը կան, որ գումար չունեն, հիմնականում ուսանողական շերտը, բայց ունեն աշխատանքներ, որոնք հանգիստ կարող են գումար դարձնել»։
Նկարիչ և էջի համակարգող Գևորգը Գրիգորանն է: Ասում է՝ գույնը գումար դարձրած նկարիչներն արդեն պատրաստ են ավելի քան 2 միլիոն 700 հազար դրամ փոխանցել հիմնադրամին: Այս խմբում արվետը հասանելի է յուրաքանչուրին. Կարելի է գտնել և՛ 1000 դրամից սկսվող արժեքով պատկերներ՝ փայտե կոճղերի վրա, և՛ 1000 դոլարը գերազանցող պատկերներ՝ ոսկու, արծաթի թիթեղներով լրացված:
Գևորգի պատկերացմամբ արվեստը նրբացնում է անգամ գումար հանգանակելու գործընթացը.
«Ընկերներցս որոշներն ասում էին, որ այս սուր վիճակում մարդիկ նկար չեն գնի, միանգամից գումարը կփոխանցե: Բայց ստացվում է, որ ամբողջ էս գործառութը ինչ-որ նրբութուն է ստանում. ես այդպես եմ տեսնում»։
Ավելի քան 150 նկարիչներ ևս այդպես են տեսել ու իրենց աշխատանքներն ուղարկել էջին:
Նկարիչ լինելու դեպքում ինքս էլ այդպես կանեի, բայց թուղթն ու վրձինն իմ ձեռքին աշխատող ամենադիպուկ զենքերը չեն: Ես կյանք էի նկարում, ստացա արև, որի դեղինը կամաց-կամաց նարնջագույն դարձավ, կարմրեց, մգացավ:

Նկարս Արևիկին եմ ցույց տալիս․ Մտածում է ու իմ նկարելու կամ իր՝ նկար վաճառելու մասին ասում.
«Շատ կցանկանամ, որ նման նախաձեռնությունները կրեն շարունակական բնույթ, բայց արդեն խաղաղ երկնքի տակ: Խաղաղություն բոլորին ու թող էլ ոչ մի գույն չփոխարինվի կարմիրով․ կարմիրն արդեն շատ–շատ է»։











