
Օգոստոսի 15-ին նրանք 168-ն էին։
Սեպտեմբերի 15-ին՝ 257-ը։Հոկտեմբերի 15-ին այդ թիվ հասնել է 1371-ի։
․․․Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակ է․․․
«Ես Ռուբեն Գրիգորյանն եմ, աշխատում եմ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում որպես բժիշկ-վարակաբան։ Եթե վարակվողների թիվը շարունակի աճել նույն կերպով, պարզապես առողջապահական համակարգը, ասել է թե բժիշկները, չեն հասցնի Ձեր իսկ ծնողներին և հարազատներին ցուցաբերել բժշկական օգնություն»։
Երկու ամիս առաջ բժիշկ Ռուբեն Գրիգորյանի հյուրն էի Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։ Այդ օրը Հայաստանում կորոնավիրուսի 139 նոր դեպք էր գրանցվել և բժիշկը աշխատանքից բացի հացրել էր շփվել ընտանիքի անդամների հետ, պատասխանել հեռախոսազանգերին, պատշաճ սնվել ու անգամ ինձ հետ մեկ ժամը գերազանցող զրույց ունենալ։
Այսօր բժիշկի հեռախոսը երկար ժամանակ չէր պատասխանում։ Զբաղված էր։ Վարակի 1371 նոր դեպքը բժիշկին զրկել էր պարզ-մարդկային այդ շռայլություններից։
«Կուզեմ խնդրել արդեն․ նախկինում պարտադրական էր հիմա գոնե խնդրենք, որ կրեք դիմակ, որովհետև ձեր դիմակ չկրելով վտանգում եք Ձեր և Ձեր սիրելիների, հարազատների կյանքը»։
Սա ամենն է, ինչ բժիշկը հասցրեց ասել մեր զրույցի ընթացքում։

․․․Բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ եւ դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը եւ բերանը․․․
«Վերջին օրերի ընթացքում աճը գրեթե հասնում է 113 տոկոսի։ Ելնելով ռազամական դրությունից՝ մեր բնակչության ուշադրությունը սևեռվել է դեպի արտաքին թշնամին, սակայն մենք չպետք է մոռանանք, որ ունենք այստեղ անտեսանելի թշնամի, որն ուղղակիորեն մեր թիկունքը թուլացնում է»։
Ռազմական օրն ամփոփող հերթական ասուլիսի ժամանակ ներքին թշնամուն անդրադառնալիս նշել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։
Հասկանալի պատճառներով գոյացող մարդկային կուտակումների ժամանակ չեն պահպանվում անվտանգության կանոնները։ Իսկ հիվանդությունը սահմաններ չի ճանաչում։ Այն կարող է հասնել նաև զինվորին։

․․․Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը եւ չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին: Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն եւ բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ․․․
«Ես Արսեն Վարդանյանն եմ, հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ։ Կոչ եմ անում, որ բոլորս հնարավորության ու խելամտության սահմաններում փորձենք կանխարգելել մոլորակին պատուհասած այս աղետը և կարողանանք մեր բժիշկների ներուժն ուղղել ավելի կարևոր ուղղությամբ, այս օրերին շատ կարևոր է մեր բժիշկների կանոնավոր աշխատանքը մեր վիրավոր հերոսներին առաջին օգնություն ցուցաբերելու, բարդ վիրահատություններ անելու ուղղությամբ»։
Ուսուցիչ Արսեն Վարդանյանն այսօր աշխատանքի չի գնացել։ Հանրապետության մյուս ուսուցիչները՝ ևս։ Հաշվի առնելով վերջին կես ամսվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության տարածման միտումը՝ ԿԳՄՍ նախարարությունը 2 շաբաթով դադարեցրել է հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արվեստի կենտրոններում և մարզադպրոցներում ուսումնական գործընթացը։
Մենք վարակի նկատմամբ անփույթ ու հանդուգն ենք, իսկ վարակը դա մեզ չի ներում։
Սկզբում նրանք 168-ն են, հետո՝ 257-ը, հիմա՝ 1371-ը։ Մեզ հետհաշվարկ է անհրաժեշտ, ինչի համար ընդամենը պետք է հիշել՝
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակ է․․․․




