
Արցախում ծավալված ռազմական գործողություններն ու դրանից բխող իրավիճակը վարչապետը ներկայացրել և քննարկել է թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերի հետ։ Հանդիպումները տեղի են ունեցել և երեկ, և այսօր։ Եթե խորհրդարանում օրեր առաջ ընդդիմության ներկայացուցիչներն էին բարձրաձայնում նման հանդիպման անհրաժեշտության մասին, ապա արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպելու նախաձեռնությունը վարչապետինն էր։ Երկու հանդիպումն էլ դռնփակ է անցել։
Արտախորհրդարանականներից միայն 6 քաղաքական ուժի ներկայացուցիչ էր հրավիրվել կառավարություն՝ վարչապետի հետ քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Նախկին իշխանական կուսակցություններից մինչև նորաստեղծներ. հերթով կառավարության շենք մտան Հանրապետականից Էդուարդ Շարմազանովը, ՀԱԿ–ից Լևոն Զուրաբյանը, Դաշնակցությունից Իշխան Սաղաթելյանը, «Հանրապետություն»–ից Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում»–ից Սուրեն Սահակյանը և «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Հանդիպում՝ միմյանց դիրքորոշումները լսելու համար։ Մոտավորապես 1 ժամ տևեց վարչապետի այսօրվա հանդիպումը արտախորհրդարանական 6 ուժի ներկայացուցիչների հետ։ Նախաձեռնությունը վարչապետինն էր, քննարկման միակ թեման՝ Արցախում տիրող իրավիճակը և Հայաստանի հետագա անելիքները։

«Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը կառավարության շենք մտավ նախկին կոալիցիոն գործընկերջ՝ դաշնակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։ Իրար հետ նաև հեռացան հանդիպումից։
Էդուարդ Շարմազանով . «Սա պատմական ու կարևոր, բարդ ժամանակաշրջան է մեր երկրի համար և չպետք է ներքաղաքական օրակագրերով առաջ գնանք։ Փակ քննարկում է եղել և չեմ կարծում, որ հիմա պետք է նստենք և այդ քննարկումների մասին խոսենք՝ ով ինչ է ասել, գաղտնազերծել։ Մենք հստակ նշել ենք, որ Արցախը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի մաս։ Նաև, սա իմ մասնավոր կարծիքն է, որ պետք է անել հնարավորինս, որպեսզի հրադադարի ռեժիմը աշխատի»։

Իշխան Սաղաթելյան . «Վարչապետը ներկայացրել է տեղեկատվություն, մենք՝ յուրաքանչյուր կուսակցությունը ներկայացրել է իր վերաբերմունքը։ Սա որոշում ընդունելու տեղ չէր, տեղեկատվական բնույթի հանդիպում էր»։
Օրեր առաջ 13 կուսակցություն հայտարարություն էր տարածել, որտեղ ներկայացվում էր Հայաստանի և Արցախի միջև ռազմա–քաղաքական դաշինք կնքելու անհրաժեշտությունը։ Սա Հայաստանի հնարավոր քայլերից մեկն է, որին զուգահեռ քննարկվում է նաև Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորությունը։ Կառավարությունում այսօրվա հանդիպման մասնակիցներից՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ծանր ու թեթև անելու կողմնակից է։ «Արցախի ճանաչումը հանգեցնելու է Մինսկի խմբի գործունեության կասեցման։ Իսկ դա հենց Էրդողանի ցանկությունն է»,-ասում է։ Նախընտրելի է համարում արտաքին քաղաքական դաշտում աշխատանքը․

«Դիվանագիտական աշխատանքն այսօր գերկարևոր է։ Եվ, բարեբախտաբար, այս առումով ես գնահատում եմ, որ այն ձեռքբերումները, ինչը Հայաստանն այս ընթացքում ունի՝ լավագույններից է Արցախյան հակամարտի այս ամբողջ գոյապայքարի ընթացքում։ Աշխարհը սկսել է մեզ հասկանալ, աշխարհը մեզ դրական լույսի ներքո է տեսնում և դրական լույսի ներքո է տեսնում այն պատճառով, որ մենք քաղաքական լուծման կողմնակից ենք և Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ խնդրի լուծումը տեսնում են բանակցային սեղանի շուրջ»։
Ռազմաքաղաքական դաշինքի կնքման և Արցախի ճանաչման հնարավորությունների մասին պատերազմի առաջին օրերին վարչապետին հարցրել էր նաև խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Այսօր, սակայն, ասելիքը հստակեցնում է․
«Եթե ՀՀ–ն պետք է ճանաչի և մնա միայնակ այդ ճանաչման հետ, ապա դա անիմաստ է։ Եթե մենք կարողանանք դիվանագիտական աշխատանքով հասնել նրան, որ Արցախի անկախությունը ճանաչեն նաև մեզ հետ միաժամանակ ՄԽ համանախագահ երկրներից որևէ մեկը և այլ երկրներ, այդ պարագայում դա իմաստ կունենա։ Այս փուլում այդ հարցը քննարկվում է և դա ուղերձ է, որը հղվում է արտաքին աշխարհին և շատ ճիշտ է, որ նաև Արցախում են ասում դա»։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն այս տեսակետին կողմ են։ Սա խորհրդարանում երեկ քննարկված հարցերից մեկն է։ ԱԺ խորհրդի կազմով՝ խորհրդարանի ղեկավարություն, խմբակցությունների ղեկավարներ, քարտուղարներ և մշտական հանձնաժողովների նախագահներ, երեկ դռնփակ հանդիպում են ունեցել վարչապետի և արտգործնախարարի հետ։ Սա այն է, ինչ օրեր առաջ առաջարկում էր Էդմոն Մարուքյանը․
«Երբ ես Աժ նախագահին առաջարկել եմ նախաձեռնի, կազմակերպի այդ հանդիպումը, այդ ժամանակ, այո, ինֆորմացիա ավելի քիչ եմ ունեցել, քան Արցախ այցից հետո։ Արցախ այցից հետո, կարծում եմ ամբողջական տեղեկատվությանը մենք տիրապետել ենք և վարչապետի հանդիպումից հետո էլ, եթե ինչ որ բան բաց էր մնացել, դրան էլ իրազեկվել ենք»։
Վարչապետի և արտգործնախարարի հետ խորհրդարանական հանդիպումը տևել է շուրջ երկու ժամ։ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ– ից Վահե Էնֆիաջյան․

«Այո, ներկա եմ եղել այդ հանդիպմանը, բայց հանդիպումն ունեցել է փակ բնույթ։ Պետք է մի բան արձանագրել՝ հարցերը շատ էին և, ցավոք, ժամանակը չբավարարեց ամբողջ ծավալով բոլոր հարցերը քննարկելու, որովհետև մենք ունենք այսօրեական խնդիրներ, առաջնահերթություններ։ Բնականաբար, ստեղծված իրավիճակով պայմանավորված քննարկում է տեղի ունեցել։ Դրանից ավելի մանրամասներ չեմ կարող հրապարակայնացնել»։
Չնայած քաղաքական գործիչների գաղտնապահությանը, խորհրդարանի երեկվա հանդիպումից հետո եղան նաև հրապարակումներ, որոնք հանդիպման մասնակիցները հերքում են։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյան․

«Տարածվել է համապատասխան հաղորդագրություն, դրանից ավելի՝ ինչ է քննարկվել, կարծում ենք անիմաստ է խոսել, որովհետև, եթե հրապարակային դա լիներ, այդ հանդիպումը փակ չէր լինի։ Ընդդիմության մեր գործընկերները նույնպես այդ ամեն ինչին ներկա են եղել։ Ինչ վերաբերում է հրապարակմանը, ապա այն ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլև՝ կոնկրետ ուղղված է Հայաստանի և Արցախի շահերի դեմ, և այդ հրապարակումն ուղարկվել է համապատասխան մարմիններին, որպեսզի դրանով զբաղվեն»։
Առանձին հանդիպում վարչապետն այսօր ունեցել է նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ։ Նրանք կառավարություն էին մտնում այն ժամանակ, երբ շենքից դուրս էին գալիս արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները։ Վարչապետի հանդիպումից հետո Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հերթական անգամ պնդել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի»։




