
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության «Հատուկ հարցազրույց» (Special Interview) ծրագրին տված հարցազրույցում խստւթյաորեն դատապարտել է Թուրքիայի ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունը Արցախի դեմ Ադրբեջանի նախաձեռնած պատերազմական գործողություններին։
«Թուրքիան ներգրավված է ուղղակիորեն՝ գեներալներով, սպաներով, խորհրդատուներով, Սիրիայից բերված վարձկաններով: Նույն Թուրքիան, որը հայերի էթնիկ զտումներ իրականացրեց Օսմանյան կայսրությունում և ստեղծեց սփյուռքը: Մենք՝ որպես ազգ, և մեր բարեկամները ոչ մի դեպքում չենք թույլ չեն տա, որ Ցեղասպանությունը կրկնվի»,-ասել է Սարգսյանը:
Հարցին, թե հնարավոր է հիմա երկխոսություն սկսել, Հայաստանի նախ–ագահը կտրուկ է արձագանքել․
«Արդյո՞ք հնարավոր է հիմա երկխոսություն սկսել, երբ F-16 -երը սպանում են կանանց և տղամարդկանց՝ հրթիռակոծելով գյուղեր և քաղաքներ: Ինչպե՞ս կարող ես բանակցություններ սկսել, երբ Թուրքիան, որն այս հակամարտության մասը չէ, կրակում է Լեռնային Ղարաբաղի քաղաքների և գյուղերի վրա: Բացատրեք ինձ՝ ինչպե՞ս է հնարավոր նման բան: Առաջին հերթին Թուրքիան պետք է դուրս բերվի այս հակամարտությունից, նրանք այս խնդրի մասը չպետք է լինեն»,- ասել է Արմեն Սարգսյանը։
«Ալ Ջազիրա»-ի մեկնաբան Հասան Ջամուլի դիտարկմանը, թե Թուրքիան մինչև հիմա ժխտում է, որ ուղղակի աջակցություն է ցուցաբերում, նախագահ Սարգսյանը պատասխանել է, որ նրանք ճիշտ չեն ասում. «Թուրքիան նույնն է անում Սիրիայի, Լիբիայի, Իրաքի դեպքում: Հիշում եմ ամերիկացի մեծագույն նախագահներից մեկի խոսքը, որն ասում էր, որ կարող եք հիմարացնել բոլորին ինչ-որ ժամանակ, կարող եք ինչ-որ մարդկանց հիմարացնել երկար ժամանակ, բայց չեք կարող բոլոր մարդկանց մշտապես հիմարացնել: Թուրքիան հիմարացնում է միջազգային հանրությանը»:




