ԿարևորՀասարակություն

«Ես Արցախն եմ». նոր նախաձեռնություն Շիրակում

Շիրակի պետական համալսարանի բակում վաղ առավոտից մարդաշատ էր, չնայած որ դասերն հեռավար են։ Շիրակի պետհամալսարանի ուսանողական խորհրդի երիտասարդներն են անհամբեր հավաքվել են, իրենց անելիքները քննարկեն, ով կամավոր է մեկնելու` ճանապարհեն, մյուսներն էլ գնան արյան բանկ։ Այս պահի համար իրենց ներդրումը հայրենիքին՝ արյուն հանձնելով ունենան։

Անժելա Հովհաննիսյանն ապագա մանկավարժ է այսօր արյան դոնոր, վաղը, եթե կանչ լինի, նաև զինվոր։

-Առավոտյան տնից դուրս գալիս պապիկս ասաց` Արցա՞խ ես մեկնում, պատասխանեցի` եթե հնարավորություն տան մեծ սիրով կգնամ։ Մենք ունենք Արևմտյան Հայաստանը, որ հիմա մերը չի, իսկ Արցախը ոչ մի գնով չենք պատրաստվում զիջել թշնամուն։ Կապ չունի տղա, թե աղջիկ լինենք, քրիստոնյա, թե մեկ այլ կրոն, մենք պետք է պաշտպանենք մեր հողը, մենք չենք պատրաստվում 1 գրամ անգամ զիջել ։

Անժելան Անի խոշորացված համայնքում է ապրում, ընտանիքը դեմ չէ, որ գեղեցկուհի Անժելան մարտի մեկնի։ Վստահ են` խելացի է, բանիմաց ու ուժեղ, բայց առայժմ իր արյունը հայրենիքին կնվիրի դոնոր դառնալով։

-Այս օրերին քաղաքի մարդաշատ վայրերից մեկը արյան փոխներարկման կայանն է։ Շտապում ենք իրավիճակին տեղում ծանոթանալու։ Հերթը բազմամարդ է ու լացով հեռացողներ էլ կան։ Թե ինչու էին լացելով հեռանում երիտասարդ աղջիկները` ճշտեցինք տնօրեն Սուսան Պետրոսյանից։

-Խնդիրներ են ունեցել, մերժել ենք, լացով հետ են գնացել։ Այս պահին մի աղջիկ Երևանից էր եկել, (զանգ է գալիս) խնդրեմ, ամբողջ գիշեր զանգերը չեն դադարել։     

Ամբողջ հարզազրույցի ընթացքում զանգերը չէին դադարում, բնակիչների հոսքը` էլ չասած։

-Երեկվանից մինչև գիշերը ժամը 1-ը արյուն ենք վերցրել, առավոտյան ժամը 8-ից ենք աշխատել։  Այս պահին դադարեցրինք արյուն վերցնելը, մեր պահուստային ֆոնդը շատ շատ է , անհրաժեշտություն չկա, բայց բնակիչների մեծ մասը հերթագրվել է, համարները թողել են, որ անհրաժեշտության դեպքում զանգենք։

Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպության հանրույթն էլ է հեռախոսահամարներ թողել, սպասում են իրենց հերթին։

 Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպության հանրային կապերի և տեղեկատվության պատասխանատու Արմենուհի Մխոյան

-Ունենք 200 աշխատողներ, բազմաթիվ կամավորներ, քիչ առաջ էլ 3-ին ճանապարհեցինք սահման։

Մայր Աթոռ սբ․ Էջմիածնի Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանի հեռախոսն էլ է գիշեր ցերեկ զանգում։ Բարերարներ ու կամավորներ են` Հայաստանից ու մեր երկրի սահմաններից դուրս, որոնք ուզում են իմանալ, թե ինչով և ինչպես կանգնեն բանակի կողքին։ Ապրիլյան քառօրյայի հաջողված փորձից հետո ուզում են Հայորդաց տունը համակարգի իրենց բարեգործությունը, հասցնի հայ զինվորին ու կամավորին։ Ուզում են օգնել ազգովի` ով ինչով ու ինչքան կարող է։   

–Մի տատիկ 1 լիտրանոց բանկայով մեղր էր բերել, թե` մեղրը ուժ կուդա զինվորին։ Մի տատիկ իր թոշակն էր բերել, ու չնայած, որ մենք գումար չէինք վերցնում, կանգնել էր, չէր գնում։ Նա զոհված թոռնիկ ուներ։

–Գյումրիի Հայորդաց տունը Շիրակի մարզպետարանի հետ համատեղ սկսել է համակարգել օգնությունների հարցը, որ ինքնահոսի չմատնվի։Այսօր առավոտյան ստեղծվեց «Ես Արցախն եմ․ Շիրակ» նախաձեռնությունը, որպեսզի կարիքները գնահատվեն։ Կարիքների գնահատումից հետո առաջին անհրաժեշտության պարագաների ցանկը կհրապարակենք, որ մարդիկ ավելորդ գումարներ չծախսեն և մենք էլ չիմանանք, թէ եղածն ինչ անենք։ Իհարկե, եթե բանակը կարիքը չունի մեր օժանդակության  կամ աջակցության, ապա այդ օգնությունը կուղղորդվի տարհանված ընտանիքներին, կամ՝ կպահեստավորվի որոշակի ժամանակահատվածով, քանզի որևէ մեկս չգիտենք, թե ինչքան է ձգվելու այս պատերազմը։ 

Հայորդաց տունն իր բազայում ընտանիքների մի մեծ ցուցակ ունի, որոնք պատրաստ են ապաստան տրամադրել տարհանվածներին։

–Նաև եթե կլինի ճամբարների կազմակերպման հարց` երեխաների համար, նրանց տեղափոխման և առօրյայի կազմակերպման հարցեր, ես ինքս պատրաստ եմ 50 երեխայի ապահովել ապաստանով, խնամքով ու ամեն ինչով։ 

Աստղիկ Եդիգարյանն ասում է` թող ադրբեջանական բանակը խուսափի հայ կնոջ ցասումից, ինչը զորեղ է ցանկացած զենքից։

–Վստահաբար եմ ասում, ինձ պես շատ-շատերն են մտածում։ Մեր ընտանիքի մոդելն ուրիշ է, մենք ոնց մեր ընտանիքներին, մեր դռանն ենք վերաբերվում, այդպես էլ մեր երկրին ենք վերաբերվում։ Մեր հայրենիքը իմ ընտանիքն է, և նրա յուրաքանչյուր սահման իմ տան դուռն է։ Մենք բոլորս կդառնանք մի զինվոր, զինվոր, որը ոչինչ  պատրաստ չէ զիջելու։

Արդեն 2 օր Հայաստանն ապրում է նոր ռիթմով, կարծես էներգիայի ու վճռականության անսպառ պաշար է ներարկվել յուրաքանչյուր հայի երակներում, անկախ տարիքից ու սեռից, բոլորը դարձել են մեկ ու դրել մեկ նպատակ` ԱՆԶԻՋՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿ։

Կարդացեք նաև

Back to top button