Հունաստանը քրեականացնում է ցեղասպանության հերքումը


Հունաստանի իշխող՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը հինգշաբթի երեկոյան խորհրդարան շրջանառության մեջ է դրել այլատյացությունը, ինչպես նաեւ ցեղասպանությունն ու հոլոքոստը ժխտելը քրեականացնող օրինագիծ։
Վարչապետ Անտոնիաս Սամարասի կուսակցության այս նախաձեռնությունը հասարակությունը պառակտել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ նախագծի՝ «ովքեր միտումնավոր հրապարակային, բանավոր կամ մամուլով, ինտերնետով եւ ցանկացած այլ ձեւով աջակցում կամ թերագնահատում են ցեղասպանության, հոլոքոստի, նացիզմի հանցագործությունները» կդատապարտվեն երեք ամսից մինչեւ երեք տարվա ազատազրկման եւ 5- 20 հազար եվրո տուգանքի։
Իրավաբանական անձինք կարող են տուգանքվել 10- 100 հազար եվրոյով, մեկից վեց ամսով զրկվել հասարակական աջակցության ցանկացած (դրամաշնորհ, օգնություն եւ այլն) ձեւից։
Իշխող կոալիցիայի մաս կազմող ԴԻՄԱՐ եւ ՊԱՍՕԿ կուսակցությունները մշակել են այլընտրանքային նախագիծ։ Երկուշաբթի օրը ձախ արմատական ՍԻՐԻԶԱ կուսակցությունը մտադիր է շրջանառության մեջ դնել օրինագծի իր տարբերակը։
Հունաստանի կոմկուսն այս նախագծերը համարել է կուսակցական նեղ նպատակ հետապնդող։