
Ամփոփվել են Վենետիկի 77-րդ փառատոնի արդյունքները, մրցանակակիրներն արդեն հայտնի են: «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ավարտվեց Վենետիկի 77-րդ փառատոնը, համավարակի ամենադաժան զոհերից մեկը՝ Իտալիան, հավատարիմ մնալով «վերածննդի» ավանդույթներին, հենց ինքն էլ իրականացրեց հետճգնաժամային առաջին մեծ փառատոնը և առնվազն այս իմաստով՝ 77-րդը արդեն պատմական է։
Քեյթ Բլանշետի նախագահությամբ չինացի խոստումնալից կին ռեժիսոր Քլոե Ճաոյի և ամերիկյան փառահեղ դերասանուհի Ֆրենսիս Մքդորմանդի «Նոմեդլենդը» արժանացավ Ոսկե առյուծի, Լատինական Ամերիկայի ամենատաղանդավոր ռեժիսորներից մեկի՝ Միշել Ֆրանկոյի «Նոր կարգ» դիստոպիկ թրիլերը նվաճեց Ժյուրիի «Արծաթե առյուծը», իսկ մեկ այլ խելագար ճապոնացի Կիոշի Կուրոսավան՝ ռեժիսորական Արածաթե առյուծը «Լրտեսի կինը» պատմական դրամայով։ Ժյուրիի հատուկ մրցանակ շնորհվեց 83-ամյա Անդրեյ Կոնչալովսկուն, ում «Дорогие товарищи!» դրաման, ասում են, լավագույններից էր ոչ միայն այս Վենետիկում, այլ վարպետի ամբողջ անսահման ֆիլմադարանում։
«Հորիզոններ» ծրագրի լավագույն ռեժիսոր ճանաչվեց մեգաերկարամետրաժ կինոյի ֆիլիպինցի վարպետ Լավ Դիասը, ում նոր ֆիլմի համեստ 150 րոպեները ժյուրիի նախագահ Քլեր Դընիին լրիվ բավարար էին։
Լուսանկարում՝ դերասանուհի Թիլդա Սուինթոնը՝ կինոյում ունեցած մեծ ավանդի համար ընծայված «Սուրբ Մարկոսի պատվավոր Ոսկե առյուծը» գլխավերևում»։




