
ԱԺ բոլոր խմբակցություններն արձակուրդից խորհրդարան են վերադառնում այսպես ձևակերպենք «կադրային կորուստներով»։ Դա վերաբերում է առանց բացառության բոլոր ուժերին։ «Լուսավոր Հայաստանը» օրինակ՝ այսուհետ աշխատելու է առանց Մանե Թանդիլյանի։ Օգոստոսի կեսերին նա վայր դրեց պատգամավորական մանդատը և դուրս եկավ քաղաքականությունից՝ առողջական խնդիրներով պայմանավորված։
Խորհրդարանում նա ղեկավարում էր առանցքային՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը։ Քանի որ քվոտայով այդ տեղը «Լուսավոր Հայաստանինն» է, կուսակցությունում որոշում է կայացվել այդ պաշտոնի համար առաջադրել տնտեսագետ–մաթեմատիկոսի որակավորում ունեցող պատգամավոր Արկադի Խաչատրյանի թեկնածությունը, իսկ Թանդիլյանի մանդատը կստանա «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի տարածքային խորհրդի անդամ Ստեփան Ստեփանյանը։
Փոփոխություններով խորհրդարան է վերադառնում նաև «Բարգավաճ Հայաստան»–ը։ Այսպես կոչված «ղազագրերի» հետ կապված սկանդալից հետո հուլիսի վերջին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և համանուն կուսակցությունից դուրս եկավ Սերգեյ Բագրատյանը՝ պահպանելով, սակայն, պատգամավորական մանդատը։ Խորհրդարանում նա այսուհետ կունենա անկախ պատգամավորի կարգավիճակ։ Հանձնաժողովներում, բարեկամական խմբերում և խորհրդարանական պատվիրակությունների կազմում նրան կփոխարինեն «Բարգավաճ Հայաստան»–ի մյուս պատգամավորները։ Խորհրդարանի երկրորդ ուժը այս պահի դրությամբ կունենա 30 մանդատ։
Փոփոխություններով աշխատանքի կանցնի նաև խորհրդարանական մեծամասնությունը։ «Իմ քայլ»–ից պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը մանդատից հրաժարվելու որոշումը հիմնավորում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ ունեցած տարաձայնություններով։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի շտապում բացատրել, թե ինչ է կատարվում իր ղեկավարած խմբակցությունում։
«Պարոն Ջուլֆալակյանը ինչպես նպատակահարմար է գտել, այդպես իրազեկել է իր մանդատը վայր դնելու որոշումը։ Մնացյալի հետ կապված հավելյալ մեկնաբանությունների դեպքում՝ անպայման կտեղեկացնենք։ Որևէ հարցում կաշկանդվածություն չունեմ, այս պահին նպատակահարմար չեմ գտնում որևէ մեկնաբանության»,- նշում է Մակունցը։
Փոխարենը՝ ներթիմային և աշխատանքային խնդիրներից է խոսել «Իմ քայլ»–ը խմբակցությունից մեկ այլ պատգամավոր` Սոֆյա Հովսեփյանը։ Ջուլֆալակյանի հետ նա միևնույն՝ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում էր։

«Իրականում, ասեմ ձեզ, այո, կրթության հանձնաժողովը մի շարք տարաձայնություններ ունեցել է կրթության նախարարության հետ, այդ թվում նաև սպորտի բնագավառում, ինչը որ պարոն Ջուլֆալակյանը նշել էր։ Փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ էր հիմնականում, որը սպորտն էր համակարգում։ Եվ այս խնդիրը, որ կար բավականին երկար էր, և միգուցե հաղորդակցումը պատշաճ չի կատարվել և հենց դա պատճառ եղավ հետագա քայլերի»,- ասում է Հովսեփյանը։
Պատգամավորը, ամեն դեպքում, ճշտում է, որ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ցուցադրական և երևացող առճակատում հանձնաժողովի նիստերի ընթացքում չի եղել։
Փոխարենը՝ նույն նախարարի հետ խնդիրներ ունի ճշտելու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Վերադառնում են խորհրդարան հստակ պատրաստված՝ այդ նախարարին անվստահություն հայտնելու համար։
Անի Սամսոնյան․ «Հայաստանում բոլորը ունեն նրա հետ խնդիր և, ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, որ նախարարը պարզապես պետք է պատվով հեռանա»։
Հաջորդ շաբաթվա լիագումար նիստերին՝ սեպտեմբերի 16-ին է նախատեսված քննարկել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցը, որի վերաբերյալ հարցապնդումը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Այս ուժը փոխել է նաև աշխատելու մարտավարությունը։ Որպեսզի քննարկումը 88 հոգանոց խորհրդարանական մեծամասնության պատճառով պարզապես չմնա խորհրդարանի պատերի ներսում, այս անգամ «լուսավորականները» կփորձեն կիրառել նաև այլ «գործիքներ»՝ ընդուպ մինչև փողոցը։




