ԿարևորՀասարակություն

Պատգամավորները սահմանամերձ համայնքների բնակիչների համար նոր աջակցության ծրագրեր են առաջարկում

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Սիփան Փաշինյանն առաջարկում են ևս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը, բացի այդ ամրագրել նոր արտոնություններ: Տեղեկանում ենք ԱԺ կայքից։

Պատգամավորների հեղինակած  «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովականների քննարկմանն է ներկայացրել Սիսակ Գաբրիելյանը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ գտնվող բնակավայրերի բնակիչների սոցիալական բեռը որոշակի չափով նվազեցնելու անհրաժեշտությամբ:

Հիմնական զեկուցողի ներկայացմամբ՝ նախատեսվում է նաև սահմանամերձ համայքների 1-12-րդ դասարանների սովորողների` անվճար դասագրքեր ստանալու հնարավորություն:

Գործող օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածների համաձայն` սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով վիրավորված անձինք հնարավորություն են ստանում բուժվելու պետպատվերի շրջանակներում:

Նախագիծը նպատակ ունի սահմանամերձ համայնքներում վերոնշյալ իրադարձությունների հետևանքով առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ինչպես նաև զոհված քաղաքացիների ընտանիքներին տրամադրել նաև միանվագ գումարային հատուցում:

Հեղինակը նշել է, որ նախագծով առաջարկվում է 3 տարով երկարացնել գործող օրենքի ժամկետը, որն այդ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին հնարավորություն կտա մինչև 2024 թ. հունվարի 1-ը ստանալ փոխհատուցում սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի համար, ինչպես նաև ազատվել օրենքով նախատեսված մի շարք պարտադիր վճարներից: Կառավարության կողմից եղել են տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից:

Նախագիծն ստացել է դրական եզրակացություն և ներառվել լիագումար նիստերի օրակարգում:

Կարդացեք նաև

Back to top button