ԿարևորՀասարակություն

Կխստացվե՞ն պատիժները կեղծ սննդամթերքի համար

Հայաստանում որևէ մեկը երբևէ խիստ պատժի չի արժանացել կեղծ կամ անորակ սննդի պատճառով մարդկանց վնաս հացնելու համար։ Ալկոհոլային թունավորման վերջին դեպքը նոր ահազանգ է՝ խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար։ 19 մահացած, 6 կուրացած, տարբեր հիվանդանոցներում կյանքի համար պայքարողներ։

Ալկոհոլային թունավորման վերջին պատկերը սա է։ Տուժողները նույն վայրում չեն եղել, թունավորման դեպքերն արձանագրվել են Արմավիրում, Կոտայքում ու Երևանում։ Տարբեր տեղերից են գնել ոգելից խմիչքը, օգտագործել են տարբեր դեղատներից գնված բժշկական սպիրտ։ Քրեական գործը հարուցված է, նաև կան մարդիկ, որոնց մեղադրանք է առաջադրվել, բայց որքանո՞վ պատիժը համարժեք կլինի արձանագրված պատկերին։ Սա հարց է, որ այսօր հուզում է շատերին։

Պատգամավորները, օրինակ, առաջարկում են ոչ թե վարչական, այլ` քրեական օրենսգրքում լուրջ պատիժներ սահմանել՝ մինչև 5 տարվա ազատազրկումով, առաջարկում են նաև շրջանառության մեջ դնել «կեղծ սննդամթերք» ձևակերպումը։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը վերհիշում է ոչ վաղ անցյալում գրանցված այլ դեպքերը։

«Մի քանի օր առաջվա դեպքն ենք հիշում, բայց ես օրինակ հիշեցի, որ անցյալ տարի էլ խոշոր թունավորման դեպք էր տեղի ունեցել սննդի մատակարարման հետ կապված։ Հետո պարզվեց, որ իրականում մանկապարտեզի տնօրինությունը նորմալ ժամկետներում գնել և մատակարարել է երեխաներին, բայց պարզվեց, որ սննդի հետ էր կապված խնդիրը։ Գործող Քրեական օրենսգրքում միայն մահվան դեպքում է, որ համընկնում է ներկայացված առաջարկին, բայց օրինակ՝ առողջությանը միջին կամ ծանր վնաս հասցնելու դեպքում սանկցիա գործող օրենսգրքի այս հոդվածը չունի։ Եվ ոչ միայն սննդամթերք կարող են կեղծել, որ մարդու առողջությանը վնաս տա, այլ չգիտեմ՝ հիգիենիկ պարագաներ։ Օրինակ՝ ալկոգել կար, որ մինչև վերջերս արտադրվում էր, եղել են դեպքեր, որ ձեռքերն էր այտուցվել, կարող ես շամպուն օգտագործել, Աստված մի արասցե, կուրացնի աչքերդ։ Միգուցե շատ պրիմիտիվ բան ասեմ, բայց այն գիպսոկարտոնները, որ օգտագործում են վերանորոգումներում, վերջերս ընկերոջս տանը դա օգտագործել էին, կառուցել էին, հետո այն քանդվել էր, ընկել էր նրանց վրա։ Այսինքն՝ դա էլ էր կեղծ մակնշումներով, այստեղ էլ կարող էր վնաս լինել»,- ասաց Գաբրիելյանը։

Այս թվարկումը, ըստ էության, այն ամենն է, ինչ ցանկանում են կարգավորել պատգամավորները։ Բայց այստեղ հանդիպում են կառավարության զգուշավորությանը։ Գործադիրը համաձայն չէ տնտեսվարողներին այսպես ձևակերպենք «վախեցնող» միջամտություններին։ Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը վստահեցնում է, որ գործող օրենսդրությունն ունի բոլոր անհրաժեշտ գործիքակազմը՝ կեղծ գինի կամ կեղծ օղի արտադրողին պատասխանատվության կանչելու համար։   

«Առհասարակ տնտեսական հանցագործությունների հետ կապված պետք է պետությունը շատ զգույշ լինի, որովհետև յուրաքանչյուր նման ազդակ, նման ձևակերպում կարող է նաև տնտեսության վրա լուրջ հետևանքներ թողնի։ Առաջարկվող հարցի մի որոշ հատված արդեն իսկ կարգավորված է Քրեական օրենսգրքով։ Մասնավորապես` 212 հոդվածով, որը վերաբերում է սպառողներին խաբելուն։ Այնտեղ գրված է, որ բացի թերաչափել, թերակշռել  և այլ գործողությունների համար, նաև սպառողների թյուրիմացության մեջ գցելը կամ խաբելը։ Հետևաբար այս մասով փակվում է»,- նշեց փոխնախարարը։

Խնդիրը հենց սա է, որ գործող քրեական օրենսգրքով սահմանվում է միայն կեղծ գինի կամ կեղծ օղի պատրաստելու և իրացնելու պատասխանատվությունը։  «Կեղծ սննդամթերք» ձևակերպում գործող օրենսդրությունում չկա։ Ըստ փոխնախարարի՝ նման ձևակերպումների դեպքում, մակնշումից ապրանքի դրական տարբերությունն էլ քրեորեն պատժելի կդառնա։ Բերում է թթվասերի օրինակը, երբ յուղայնությունը, ասենք՝ մակնշման մեջ նշվածից ավելի բարձր լինի։  

Անգամ այս դեպքում խորհրդարանական մեծամասնության պատգամավորները կողմնակից են ոլորտը կարգավորելուն։ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորներ Արթուր Դավթյանը և Վլադիմիր Վարդանյանը համոզված են, որ դրանից կօգտվի պետության համբավը։

Արթուր Դավթյան «Քանի որ այս պատժամիջոցները խիստ են, կարծում եմ` հիմք կհանդիսանան, որ կեղծ սննդամթերք չի արտադրվի և ՀՀ–ում արտադրվող սննդամթերքի որակը կբարձրանա»։

Վլադիմիր Վարդանյան «Այս նախագիծը կարող է լինել չափազանց լավ օրինակ բարձրացնելու հայկական արտադրության որակը։ Երկրորդ՝ կանխարգելել Հայաստան կոնտրոֆակտ բնույթի արտադրանքի ներմուծումը և երրորդ՝ ըստ էության, ստեղծել մի իրավիճակ, երբ հայկական արտադրանքը միջազգային շուկայում կդիտվի հենց այն արտադրանքը, որն ունի պատշաճ որակյալ հատկանիշները, որովհետև ՀՀ–ում սննդամթերք կեղծելու համար նախատեսված է ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն»։  

Այս պահի դրությամբ կառավարությունը պատրաստ չէ գնալ նման խիստ մոտեցումների։ Նախագիծը դեռ չի մտնի օրակարգ, բայց կմնա շրջանառության մեջ՝ որոշ ժամանակ իրավակիրառ կողմերի հետ քննարկելու և լրամշակելու համար։

Կարդացեք նաև

Back to top button