
«Երկու ծայրահեղ ծանր հիվանդ ունենք այս պահին, չորսը՝ միջին ծանրության»․ Արմենիա ՀԲԿ-ի Սուր թունավորումների բուժման կենտրոնի ղեկավար Շավարշ Մելքոնյանի տվյալները վերաբերում են Արմավիրում ու Երևանում գրանցված սպիրտային թունավորումից տուժած քաղաքացիներին, որոնց կյանքի համար պայքարում են երեկվանից։ Շատերի կյանքը, ցավոք, հնարավոր չեղավ փրկել։
«Որովհետև դա շատ ծանր թունավորում է, ծայրահեղ թունավոր նյութ է՝ մեթիլ սպիրտ։ Ինչ-որ քանակություն կա, դրանից ավելի ընդունելու դեպքում նման ծանր վիճակի մեջ են ընկնում մարդիկ։ Առաջին 11 հիվանդները, որ բերեցին, ծայրահեղ ծանր վիճակում էին՝ ծանր ացիտոզով, անգիտակից, կոմատիկ վիճակով»։
Տուժածները 40-55 տարեկանի սահմաններում են․ բժիշկ Մելքոնյանի խոսքով՝ տարիքն այստեղ կապ չունի, ամեն ինչ խիստ անհատական է՝ պայմանավորված օրգանիզմի վիճակով։ Բժշկի հետ զրուցում ենք նաև օրգանիզմի վրա թույնի հետագա ազդեցությունների մասին։
«Քանի որ այն մեծ ազդեցություն ունի ուղեղի և նյարդային համակարգի վրա, նյարդային ցանկացած հետևանք կարող է մնալ։ Հիմա ունենք ծանր հիվանդ, որն ունի կուրություն, և չգիտենք՝ տեսողությունը կվերականգնվի, թե՞ ոչ։ Սա աննախադեպ բան է Հայաստանում, արտերկրում աշխատելու տարիներին հանդիպել եմ։ Հետաքրքիրն այն է, որ այդ նյութը՝ մեթանոլը, ինքը թունավոր չէ։ Այն ձևափոխվում է օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսների արդյունքում, ինչն էլ այսպիսի տխուր պատկեր է առաջացնում»։
Ողբերգությունը ստիպում է անդրադառնալ խնդիրների, որոնք, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի բնորոշմամբ, համակարգային են։ Ի՞նչ է կատարվում սպիրտային խմիչքների արտադրության շուկայում, ինչո՞ւ հնարավոր դարձավ նման ողբերգությունը։ Փորձագետը պարզաբանում է․
«Մենք ընդհանուր առմամբ ունենք գործարանային արտադրանք և ունենք շուկայում իրացվող արտադրանք, որը գործարանային չէ։ Եվ այս շուկայում իրացվող արտադրանքը պետք է հստակ տարանջատել․ այսպես ասած, տնային օղի, որը մի քանի գյուղացի տնային պայմաններում արտադրում են և, օրինակ, դեպք, երբ մարդը ուրիշ տեղից վերցնում է մեծածավալ ցորենի սպիրտ, համեմում է այլ համերով և իրացնում շուկայում»։

Ըստ Պիպոյանի՝ ոլորտում կտրուկ քայլերի գնալը ռիսկային է, քանի որ սոցիալական առումով ավելի շատ մարդկանց վնասելու են, քան ընթացակարգային կարգավորումներ են գտնելու։ Ոլորտն, ըստ փորձագետի, ամբողջությամբ վերանայելու կարիք ունի՝ սկսած իրավական կարգավորումներից․
«Դրա համար ինչ է անհրաժեշտ․ որպեսզի փոքր ծավալի արտադրանք ունեցող, մրգային օղի արտադրող մեր գյուղացին կարողանա փոքր ծավալների արտադրությունը գրանցել և բացառապես մի քանի անվտանգության ցուցանիշով իրացնել առանց որևէ խոչընդոտի, որպեսզի չունենանք, այսպես ասած, ստվերային շրջանառություն։ Իսկ բոլոր այն դեպքերում, երբ իրականում գործ ունենք արտադրական ցիկլի հետ, արդեն պետք է սովորական արտադրական գործընթացներ իրականացվեն»։
Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ խնդիրը ոչ թե պետք է բարդել քաղաքացու վրա՝ ասելով, թե որտեղից պատահի խմիչք են գնում, այլ գտնել համակարգային լուծում, որը հնարավորություն կտա և՛ սոցիալական հարվածից խուսափելու, և՛ ամենակարևորը՝ կերաշխավորի ապրանքի անվտանգությունը՝ կանխելով նման ողբերգությունները։




