ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը մտացածին մեղադրանքներ է ներկայացնում իր տարածքում հայտնված քաղաքացիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի կարողացել կապ հաստատել սպա Գուրգեն Ալավերդյանի հետ, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Հայաստանի ԱԳՆ-ն արդեն հանդես է եկել հայտարարությամբ և դատապարտել է Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված հայ սպայի նկատմամբ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը, որը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ և բացահայտ խախտում է:

Այս մասին այսօրվա ասուլիսում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով ադրբեջանական կողմում հայտնված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին առնչվող հարցին: Նա նաև նկատել է, որ Ադրբեջանի ապակառուցողական սադրիչ գործողությունները և միջազգային հումանիտար իրավունքի խախտումները խաթանում են խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծումը:

«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերի փոխանակման հնարավորության մասին խոսելով, Ա. Նաղդալյանը նշել է, որ Հայաստանում ռազմագերիներ չկան.  

«Ընդ որում Ադրբեջանում մտացածին մեղադրանքներ են ներկայացվում իրենց տարածքում հայտնված քաղաքացիների նկատմամբ, որոնք դեռևս չպարզված հանգամանքներում հայտնվել են Ադրբեջանի իրավասության ներքո: Հայաստանի քաղաքացիներն Ադրբեջանում որևէ հանցագործություն չեն իրականացրել, և նրանց նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումը պարզապետ միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Միայն այս տարվա ընթացքում Հայաստանի իրավասության ներքո հայտնվել է Ադրբեջանի երկու քաղաքացի, ի տարբերություն Ադրբեջանի Հայաստանն իր տարածքում հայտնված քաղաքացիների նկատմամբ չի իրականացնում քրեական հետապնդում, չի դարձնում նրանց ռազմագերի և լիարժեքորեն հարգում է մարդու իրավունքներն ու արժանապատվությունը»:

Ադրբեջանը փորձում է ետ վերցնել իր երկու մարդասպաններին, որոնք իրենց պատիժը կրում են Արցախում անչափահաս 17- ամյա Սմբատ Ցականյանի սպանության համար:  «Այս մասով պետք է նշեմ, որ անչափահասին կյանքից զրկելը ծանր հանցագործություն է բոլոր հասարակություններում, անկախ այն բանից, որ այն իրագործվել է հակամարտության գոտում, թե այլուր»,-ասել է խոսնակը:

Կարդացեք նաև

Back to top button