ԿարևորՀասարակություն

Որսորդի օրագիր․ Առաջին որսը՝ Ռոբերտ ձյաձյան

Դպրոցում հայտնվելու առաջին օրը Արմեն Հայրումյանի դասընկերները գրենական պիտույքներ նվեր ստացան, ինքը՝ զենք։ 7-ամյա երեխայի ձեռքին զենք տեսնելն, իհարկե, տրամաբանական է, բայց պատկերը փոքր-ինչ այլ է, երբ այդ զենքը ոչ թե պլասմասայից է, այլ մետաղից, ձգանը քաշելիս ոչ թե երաժշտություն է լսվում, այլ կրակոցի ձայն, իսկ փողից ոչ թե ջուր է դուրս գալիս, այլ փամփուշտ։
Արմենին ամենաիսկական զենքն էին նվիրել։

Դեպքից տարիներ անց կանգնած եմ Արմենի զենքի խանութում։ Չորսբոլորս հրացաններ ու ատրճանակներ են, պատերին՝ սպանված կենդանիների տիկեր, զսպված անհամբերությամբ մի քանի մարդ էլ ելումուտ են անում խանութում։ Պատրաստվում են․ որսի են գնալու։ Որսաշրջանը մեկնարկել է։

«Այսօր նշելու օրն է։ Պատրաստված, վրաններով գնում ենք, ուտել–խմելով նշում։ Ոնց որ մարդիկ նոր տարին են նշում, էս էլ մեր տոնն է, մենք էլ էս ենք նշում։ Հաջորդ օրը դուրս ենք գալիս որսի, շոգն ընկնելուց հետո գալիս ենք տուն»,- Պողոս Աբրահամյանն է պատմում։

Պապը որսորդ է եղել, հայրը՝ նույնպես, այժմ ինքն իր կյանքն առանց որսի չի պատկերացնում ու վստահ է՝ նույնը լինելու է իր երեխաների դեպքում։ Աբրահամյանների ընտանիքում որսորդությունը գենետիկ է։ Ասում է՝ Որ գործը խանգարում ա որսին, ուրեմն պետք ա հրաժարվել էդ գործից։

Արմեն Սահայանը որսաշրջանը բաց չթողնելու համար Մոսկվայից Երևան՝ 2000-ից ավելի կիլոմետրեր է անցել։ Զենքից առաջին անգամ օգտվել է 13 տարեկանում։ Ներկաները մեծացել են զենքի հետ, անգիր գիտեն ամեն մի դետալը։

Այդ զենքերով էլ օգոստոսի 27-ից փետրվարի 15-ը սահմանաված ժամկետներում ու չափաքանակով լոր, թխակապույտ աղավնի, քարակաքավ, կռնչան և մոխրագույն բադեր, եղեգնահավ ու մի շարք այլ կենդանիներ են սպանելու։ Թույտվությունը շրջակա միջավայրի նախարարությունն է տվել․

«Մասնագիտական ստորաբաժանումները տարեկան հաշվարկ են անում․ ընտրվում են այն կենդանատեսակները, որոնց քանակը անհամեմատ ավելի շատ է, և որսորդները հենց դրանց ուղղությամբ են որսը իրականացնում»,– Նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանն է պատմում։ Նրա խոսքերով՝ հասարակության մեջ որսորդությունը բացասական ընկալում ունի։ Մարդիկ կարծում են, որ որսորդները բնության դեմ են գործում, մինչդեռ․․

https://www.facebook.com/mnparmenia/posts/2552142285034452

«Նպատակը ո՞րն ա․ Օրինակ՝ շնագայլը շատ դեպքերում էկոհամակարգում խաթարումներ է առաջացնում, որովհետև պոպոլուցիան ավելանում է և այլ կենդանատեսակների սկսում է ճնշել, այդ թվում նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում։ Որսաշրջանի կարևորությունը հենց դրանով է պայմանավորվում, որ էկոհամակարգը բալանսավորվում է։ Էն կենդանատեսակները, որոնց պոպուլյացիան ավելանում է, սկսում ճնշել այլ տեսակներին, ըստ էության որսի միջոցով մի քիչ ճնշվում են»։

«Մուշկետ» զենքի խանութի ու որսորդական ակումբի հիմնադիր Արմեն Հայրումյանը ներկայացնում էր իրենց գաղափարները։ Ասում է՝ նպատակը մարդկանց համախմբելն ու միևնույն ժամանակ կենդանական աշխարհին աջակցելն է, հետո պարզաբանում առաջին հայացքից հակասական միտքը․

«–էնքան մեծ բան կա դրա մեջ, սեր բնության նկատմամբ, նենց չի, որ որսորդ ես՝ պիտի բնաջնջես։ Պիտի բնությունը սիրես էլ, որ կարողանաս որս անես, բնությունից հեռու մարդը կարա գնա շիշ կրակելու, բայց ոչ կենդանի։
–Կենդանի կրակելու համար պիտի կենդանիներին սիրե՞լ։
–Կարող ա մեկը մեկին հակասում ա, որ սիրում ես՝ խի ես կրակում, բայց կարաս սիրես, որսը անես ու կարաս նաև էդ նույն կենդանուց քո ուժերով շատացնես»։

Այդ պատճառով էլ 200-ից ավելի անդամ ունեցող ակումբը պարբերաբար կենդանիներ է բազմացնում ու բաց թողնում բնության գրկում։

7 տարեկանից, 13–ից, 18–ից կամ ավելի ուշ այս մարդիկ ձեռքում զենք են պահում, սրտում՝ բնության նկատմամբ սեր։ Ու տպավորություն է, թե նրանց վիրավորելու համար ընդամենը պետք է այդ սերը կասկածի տակ դնել։

Որսը նրանց համար ապրելակերպ է, բնությունը՝ գրեթե տուն։ Ամեն մարդ տունը սիրելու իր տարբերակն ունի․ որսորդները դա զենքով են անում։

Կարդացեք նաև

Back to top button